Ապրիլի 18-ին Երևանի պատմության թարգարանում տեղի ունեցավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը, որը նվիրված է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան:
Այս տարի միջազգային օրվա խորագիրն է «Մշակութային զարգացումը և կայուն զբոսաշրջությունը»:
Շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցավ թատերականացված ներկայացում թանգարանի 3-րդ հարկի ցուցասրահում, որտեղ Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողուհիները կատարեցին 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի երևանցիների կենցաղում ընդունված հարսանեկան ծեսի արարողություն: Երկխոսության միջոցով ներկայացմանը «մասնակցեցին» նաև համապատասխան թանգարանային ցուցանմուշները:
Կարդացեք նաև
«Այս ծրագրի նպատակը թատերականացված ներկայացումը չէ, այլ յուրօրինակ էքսկուրսիան, որը էքսկուրսավարի փոխարեն վարում են մեր դերասանները: Ընդ որում` նրանք պրոֆեսիոնալներ չեն, ուսանողներ են»,-նշում է թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
Շնորհանդեսը հասանելի էր երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
«Ծրագրի յուրահատկությունն այն է, որ ոչ նյութական մշակույթի մասունքները ներկայացնում են նյութական մշակույթի արժեքները: Պատահական չէ նաև այս ամենը երեք լեզվով ներկայացնելը: Սա միտված է զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը դեպի թանգարան: Քանի որ ներկա են զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, նշեմ, որ ծրագիրը տեղի է ունենալու յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ՝ նախապես գրանցվելով»:
«Հարսանեկան իրարանցում»-ը ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր, անիմացիոն մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կրելու է մշտական բնույթ: Ծրագրի հեղինակն է թանգարանի Էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը:
Դրա նպատակն է նաև նպաստել կայուն զբոսաշրջության զարգացմանը: Այս ինքնատիպ փաթեթ-առաջարկը զբոսաշրջիկների համար կարող է ինտերակտիվ տարբերակ հանդիսանալ՝ թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալու համար:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ