Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո կազմակերպված նոր ծրագրի շնորհանդեսին: Ծրագրի հեղինակների մտահաղացման շրջանակում, յուրօրինակ էքսկուրսիայի միջոցով, ներկայացվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի երևանցիների կենցաղում ընդունված մի շարք ծեսեր, այդ թվում նաև նախահարսանեկան ծեսի արարողությունը: Այդ համատեքստում, երկխոսության միջոցով, ներկայացվում են նաև համապատասխան թանգարանային ցուցանմուշները, որոնք Երևան քաղաքի պատմության թանգարանի հարուստ հավաքածուի մի մասն են կազմում:
Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով այս ծրագիրը ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կրելու է մշտական բնույթ: Հաշվի առնելով, որ ծրագիրն այցելուներին մատուցվելու է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ կազմակերպիչները վստահ են, որ այն իր հերթին կնպաստի Երևանի քաղաքի պատմության թանգարան զբոսաշրջիկների նոր հոսքի ավելացմանը:
«Ներկայացվող ծրագրի նպատակը թատերականացված ներկայացումը չէ, ինչն արդեն կիրառվել է մի շարք թանգարաններում, այլ յուրօրինակ էքսկուրսիան, որն անցկացնում է ոչ թե թանգարանի էքսկուրսավարը, այլ համապատասխան կերպարը՝ երկխոսության միջոցով այցելուին հաղորդելով համապատասխան տեղեկատվություն ցուցադրված թանգարանային առարկաների մասին: Ծրագրի յուրահատկությունը կայանում է նաև նրանում, թե ինչպես է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով այցելուին մատուցվում նյութական մշակութային ժառանգությունը», – նշել է Արմինե Սարգսյանը:
Հարկ է նշել, որ նոր ծրագիրը գործելու է երկուշաբթի և ուրբաթ օրերին, ժ.12:00-16:00 –ն:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան