Այսօր տեղի ունեցած Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստը կրկին անգամ անցավ միայն Հանրապետական եւ Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ավագանու անդամների մասնակցությամբ:
Նիստին ներկա թվով 15 անդամներ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգային գրեթե բոլոր հարցերին: Բուռն քննարկման արժանացավ հատկապես Վանաձորի համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցը:
Փոխքաղաքապետ Արտյոմ Գրիգորյանը զեկուցեց, որ համայնքային ենթակայության տակ գործող գրադարանների աշխատանքը, նախկին 57.5 դրույքի փոխարեն կապահովի 21 դրույք:
Կարդացեք նաև
«Յուրաքանչյուր գրադարան այցելել ենք, եւ ուսումնասիրությունների արդյունքում նկատել ենք, որ օրինակ գրադարանը ունեցել է 4 այցելու, եւ նրանց համար համայնքային միջոցներից 6 դրույքի տրամադրվել է աշխատավարձ… Այստեղ տեսել ենք, որ գրադարանը, ֆունկցիոնալ նշանակությամբ չի աշխատում: Հետեւաբար, դրա տարբերակն այն է, որպեսզի մենք համայնքային միջոցներով վերանորոգենք գրադարանները, ֆոնդերը թարմացնենք, ինչի հնարավորությունն այս պահին չունի համայնքը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք օպտիմալացնենք գրադարանները»:
Դրույքաչափների կրճատման արդյունքում համայնքային բյուջեն կխնայի 31.3 մլն դրամ: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ ներկայացրեց իր կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները:
«Գրադարաններ են եղել, որտեղ հաստիքացուցակով կա 4 աշխատող, բայց աշխատասենյակում եղել է ընդամենը 2 աթոռ: Հետեւաբար, չեմ կարծում, թե մյուս 2-ը նստելու ցանկություն չեն ունեցել: Ուղղակի մեր ուսումնասիրությունները բերել են այն եզրահանգման, որ գրադարանների մեծ մասը իրենց ֆունկցիոնալ պարտականությունները չեն կատարում: Այս պահին մեզ համար ճոխություն է չաշխատող աշխատակիցներ ունենալը»:
Ավագանու անդամ Վահագն Ավագյանը քաղաքապետից հետաքրքրվեց. «Էս որոշումով, որ հաստիքներ կրճատվեն, այդ երաշխիքը որտե՞ղ է, որ լավ մասնագետները դուրս չեն մնա, իսկ խնամի, ծանոթ, բարեկամները կմնան եւ կաշխատեն»:
«Նախ, այստեղ անվանական չի դրված մարդկանց կրճատման հարցը, եթե առաջարկություն լինի, կարող ենք ստեղծել հանձնաժողով»,- հարցին ի պատասխան ասաց համայնքի ղեկավարը:
Հաստիքացուցակների կրճատումներ են նախատեսվում նաեւ համայնքային ենթակայության տակ գտնվող մարզադպրոցներում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ