Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. Հրազդանի ՋԷԿ-ի սեփականատեր է փոխվել, այդ գործարքը կներկայացվի, որպես ներդրում

Ապրիլ 18,2017 17:31

Այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված 6,2 տոկոս տնտեսական աճը հնարավոր է ապահովված լինի ոչ թե կառավարության ջանքերի, այլ նոր հարկատեսակի` ծխախոտից եւ ալկոհոլից գանձվող ակցիզային հարկի շնորհիվ: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա, նախորդ տարվա հետ համեմատականներ տանելուց հետո միայն պարզ կլինի, ինչի հաշվին է տնտեսությունն աճել:

Այսպես, նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատությամբ այս տարվա երկու ամիսներին, բյուջեի եկամուտներն, ըստ հարկային մարմնի ներկայացրած տվյալների, ավելացել են ԱԱՀ-ի, բնապահպանական եւ բնօգտագործման համար գանձվող վճարների, ակցիզային հարկի, մաքսատուրքի, շրջանառության հարկի, եկամտահարկի, նպատակային սոցիալական վճարների եւ այլ հարկերի հաշվին: Այդուհանդերձ հարկային եկամուտների աճի մեծ մասը` 7.2 մլրդ-ը, բաժին է ընկնում ԱԱՀ-ին, ապա բնապահպանական եւ բնօգտագործման վճարներին, ակցիզային հարկին ու մաքսատուրքին:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հունվար-փետրվարին ՀՀ հարկային եկամուտները կազմել են 160,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 145,7 մլրդ դրամի փոխարեն:

Պարոն Խաչատրյանը չի կարծում, որ երկու ամիսների տնտեսական աճը պայմանավորված է նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնով: Ըստ նրա, ամեն նոր վարչապետի ժամանակ էլ սկզբի ամիսներին այդպիսի աճ ու ներդրումների խոստումներ են լինում, բայց թե որքանով են իրականություն դառնում, դժվար է ասել. «Այդպիսի խոստումներ եղել են 2007-ին էլ, 2008-ին էլ, 2012-ին էլ: Ես լուրջ փոփոխություններ չեմ տեսնում: Այդ ամենն, ուղղակի, նախընտրական քարոզչությունն ապահովելու համար է, եւ այդ բոլոր խոստումներն էլ, որ կան ներդրումների հետ կապված, ես չեմ տեսնում այդ պայմանները, որպեսզի ներդրումներ լինեն: Մեծ կասկածներ ու վերապահումներ ունեմ, որ այդ ներդրումները կլինեն: Մեթոդիկայի առումով գուցե ներդրում երեւա, ասենք` հիմա վաճառք է տեղի ունեցել Հրազդանի ՋԷԿ-ի սեփականատեր է փոխվել, այդ գործարքը կներկայացվի որպես ներդրում, բայց իրականում ներդրում չկա: Որ ասում են ներդրում, լավ կլինի ցույց տան որտեղ է եղել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930