Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց սպանության մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանի գործը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Երեւանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել՝ Կարինե Մանսուրյանը փորձել էր աղջկան՝ Թագուհի Մանսուրյանին պաշտպանել վերջինիս նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի բռնի արարքներից. նա մահացել էր՝ Մարտիրոսյանի հասցրած կացնի հարվածներից: Այս գործով նիստն արդեն իսկ մեկնարկել է, իսկ այսօր Թագուհի Մանսուրյանի և նրա հոր՝ Վաչագան Մանսուրյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար առաջադրված քրեական գործի առաջին դատական նիստն էր:
Վլադիկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նաեւ դժգոհեց, որ դեռ դատաքննությունը չի ավարտվել, սակայն լրատվամիջոցներում եւ սոցցանցերում իրեն «դահիճ» են որակում:
Հարցաքննվեց տուժող Վաչագան Մանսուրյանը: Նա դժգոհեց նախկին փեսայից, ասաց, որ չի աշխատել, պատասխանատու հայր չի եղել, պարբերաբար ձեռք է բարձրացրել իր աղջկա՝ Թագուհու վրա, նրան «դուրս ընկած» անվանել:
Կարդացեք նաև
«Երբ Վլադիկը եկել էր մեր տուն՝ հարցրեցի՝ Վլադիկ, պատրա՞ստ ես ընտանիք կազմել: Գիտե՞ս, որ ամուսնությունը խնդիր է, ընտանիքի գլուխ պետք է լինես եւ պահպանես այն: Ասաց՝ այո: Ասացի՝ գիտե՞ս, որ երեխան ուտելիք է ուզելու: «Տղամարդավարի» ասաց, որ պատրաստ է ապահովել ընտանիքի առօրյան: Ոչ աշխատեց, ոչ տեր կանգնեց կնոջն ու երեխային»,-ասաց Վաչագան Մանսուրյանը:
Նա հայտնեց, որ ամուսնալուծվելուց հետո Վլադիկ Մարտիրոսյանն ասել է, թե որպես ալիմենտ երեխային կարող է ընդամենը տասը հազար դրամ տալ. «Տասը հազար դրա՞մ, դրանո՞վ էր երեխան ապրելու: Դե մտածեք՝ չի՞ խուսափել երեխային պահելուց»:
Հայրը նաեւ նշեց, որ նախկին փեսան իր կնոջը՝ հանգուցյալ Կարինե Մանսուրյանին եւ աղջկան՝ Թագուհի Մանսուրյանին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, սպառնացել՝ ասելով, որ «կվառի, կսպանի»:
Այս գործով հաջորդ նիստը կկայանա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ