Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ Երեւանի համար պետք է նախ չգողանաս Երեւանից». Զարուհի Փոստանջյանը՝ Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ապրիլ 18,2017 16:36

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ասուլիս էր հրավիրել: Մեր հարցին՝ իշխանության ներկայացուցիչները, որպես Տարոն Մարգարյանի հիմնական առավելություն, նշում են, որ նա նախ երկարամյա փորձ ունի, թաղապետ է եղել, նոր քաղաքապետ է դարձել, ինչը մյուս թեկնածուները չունեն, նաեւ նշում են այն, որ նախորդ ընտրություններում նա մասնակցում էր «Ավելի լավ Երեւան» կարգախոսով եւ, եթե հետադարձ հայացք ձգենք, ապա կտեսնենք, որ Երեւանն ավելի լավ է դարձել, մանկապարտեզներն անվճար են դարձել, երթուղայիններում մարդիկ այն ժամանակվա պես ճկված չեն երթեւեկում, դուք որեւէ լավ փոփոխություն չե՞ք նկատում նրա՝ քաղաքապետ եղած ժամանակվանից:

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Քաղաքի կենտրոնում ուղղակի դեկորատիվ ծաղիկներ տնկելը դեռ բարելավում չէ: Մանկապարտեզների անվճար լինելը նույնպես դեռ բարելավում չէ, որովհետեւ երեխաները եւ աշխատող մայրերը հնարավորություն չունեն հաճախելու մանկապարտեզ, որովհետեւ տարիներ շարունակ մանկապարտեզի հերթերի ներքո են գտնվում: Երեխան դառնում է 6 տարեկան, նույնիսկ ծննդյան օրվանից հերթագրված են լինում, բայց հերթը այդպես էլ չի հասնում: Դա կոռուպցիոն մեխանիզմի ներքո է գործում: Այստեղ էլ չկա որեւիցե բարելավում: Իսկ ավելի լավ Երեւանի համար պետք է նախ չգողանաս Երեւանից: Պետք է Երեւանի միջոցները չվատնես, չյուրացնես, իսկ նա իր պաշտոնավարման ընթացքում, դրա վերաբերյալ կան ոչ միայն միջազգային կազմակերպությունների զեկույցներ, Վերահսկիչ պալատի զեկույցը կա, դա ես չեմ կազմել, այդտեղ մատնանշվում է գողության եւ յուրացման մասին: Եթե մենք ուզում ենք ավելի լավ Երեւան, եթե մենք սիրում ենք Երեւանը, ապա պետք է մենք միայն փոխանցենք Երեւանին, ոչ թե վերցնենք Երեւանից»:

Ինչ վերաբերում է կառավարման փորձ չունենալուն, տիկին Փոստանջյանն ասաց, որ երբ տեսնում ենք, թե ինչ են կառավարել, ապա դրա մասին խոսելն անիմաստ է դառնում. «Հասկանալի է, որ կառավարման փորձի համար լավագույնը կառավարման կրթությունն է նաեւ: Դուք տեղեկացված եք, որ ես նաեւ Հանրային կառավարում եմ սովորել ԱՄՆ-ում եւ կառավարման փորձը իր մեջ ներառում է առաջնահերթը քաղաքականություն, թե դու ինչպիսի քաղաքականություն ես պատրաստվում իրականացնել: Մեր ողջ ազգի ներուժն այսօր օգտագործվում է տարբեր պետությունների կառավարությունների համար, եւ մեր լավագույն կառավարիչներն այսօր մտնում են աշխարհի լավագույն մասնագետների թոփ տասնյակի մեջ: Ես ամեն ինչ անելու եմ, որ համազգային մեր ներուժը կարողությունը օգտագործվեն մեր երկրի զարգացման համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930