Լրահոս
Օրվա լրահոսը

Կամաց-կամաց հասկանում ես, թե ինչու է Շարլ Ազնավուրը դադարել քաղաքական հարցերին պատասխանելուց

Ապրիլ 18,2017 16:32

Հաճելի զրույց: Անմիջական մթնոլորտ: Սեղանի շուրջ քո մարդիկ են, ընտանիքդ: Չհաշված ինձ: Ես օտար եմ նրանց համար: Ո’չ, ես չունեի նման զգացողություններ: Ես նստած էի մի մարդու կողքին, ով իր ողջ կյանքի ընթացքում հորինել, ստեղծագործել և երգել է կյանքի մասին: Նա հորինել և երևակայել է իր պատմություններն այնպես, կարծես ինքն էլ է դրանց մի մասը: Եվ խոսում էր երգելով, իր ձայնով արտահայտելով այն ամենը, ինչի շուրջ մտահոգված է և կուզեր անմիջապես կիսվել: Ես գիտեի այդ մասին: Եվ դրա համար ինձ թվում էր, թե հնչում է նրա երգերից մեկը, և մենք ոչ թե խոսում ենք, այլ երգում, և չգիտես` ինչու, բոլորս նույն ձայնը ունենք` նրա ձայնը: Երևի հենց այս զգացողության շնորհիվ էր, որ ես ինձ օտար չէի զգում: Չէ՞ որ ես նույնպես նրա երգի մեջ էի:

Չգիտեմ` ինչպես է ձեր դեպքում, բայց ես առաջին անգամ էի նստած մի մարդու կողքին, ով 93 տարեկան է: Միանշանակորեն տարօրինակ զգացողություն է: Փորձե’ք, եթե հնարավորություն ընձեռվի: Կարծես թե ինքը իմաստությունն է կողքիդ, ինչը հանգստացնում է հոգիդ: Եվ ոչ միայն իմաստություն. երիտասարդությունը, մանկությունը, հասուն տարիքը` մի ամբողջ կյանք է այստեղ: Եվ այդ կյանքը լեցուն է եղել թախիծով և խինդով, և որ ամենակարևորն է` արարելու երջանկությամբ: Երջանկությամբ, որով Աստված է նրան շնորհել` ասելու, ավելի ճիշտ` երգելու իր խոսքը:

Ժամանակն անգթորեն անցնում էր, և ես զգում էի, որ հոգով ավելի ու ավելի եմ երջանկանում, որ հոգիս աստիճանաբար վերածվում է իրական երջանկության: Մարդ, ով խոսում է կյանքի մասին: Շանսոն: Նա բազմաթիվ անգամներ նշեց, որ ինքը ֆրանսիացի շանսոնյե է, բայց ես զգում էի, որ այնուամենայնիվ նկատի ունի հայ: Նա հիանալի կերպով հասկանում էր, որ առանց հայկական հոգու չէր կարող արարել: Չէ՞ որ Աստված է կամեցել, որ նա հայ ծնվի:

Իսկ մե՞նք: Իսկ մենք ապրում ենք: Եվ երկարուձիգ օրերը անցնում են: Կենսափորձ ձեռք բերելով` հորինում ենք բառեր և դրանցով փորձում գնահատական տալ կյանքին: Ժամանակի անիմաստ վատնում: Նա` Շարլը, արժանապատվորեն է ապրել իր կյանքը: Արժանապատիվ` որպես մարդ, որպես հայ, այնպես է արել, որ աշխարհի մյուս ազգերը ճանաչում են հայ ազգին և Հայաստանը միայն նրա անունը լսելով: Իսկ մե՞նք: Մի՞թե մենք մեր ազգի և Հայաստանի արժանի զավակներն ենք:

Ես նրա կողքին եմ այս սենյակում` սեղանի մոտ, իմ մտքերով: Եվ հանկարծ զգում եմ ուժգին հոգնածություն և այդ մասին այլևս մտածելու ցանկությունը կորչում է:

Կամաց-կամաց հասկանում ես, թե ինչու է դադարել քաղաքական հարցերին պատասխանելուց:

Եվ, այնուամենայնիվ, նա երջանիկ է: Նա ունի ամենակարևորը` ընտանիք, որը սիրում է նրան: Ունի երաժշտություն, իր երգերը: Իրականացրած հսկայական ստեղծարար ներուժ: Բայց այդուհանդերձ նրա երջանկությունը սրա մեջ չէ, այլ այն կյանքի հատվածի, որ մնացել է նրան ապրել: Որովհետև նա հստակ գիտի և զգում է, որ կարող է ստեղծագործել և կստեղծագործի, քանի որ իր կյանքի էությունն է դա:

Եվ ես հանկարծ հասկացա` ինչու են նրա աչքերը այդքան թախծոտ: Հարցնելով ինձ, թե քանի տարեկան եմ` հայացք ձգեց շուրջը` ասելով, որ ապրել է այս բոլոր մարդկանց տարիքները: Թախծոտ կերպով նա հասկացրեց. «Ախ, ափսոս, որ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում: Չէ որ ես այնքան եմ սիրում ապրել և արարել»:

Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930