Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեզվի տեսչությունը լուծարելը նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին

Ապրիլ 18,2017 15:52

Օրերս լուր տարածվեց, թե ՀՀ կառավարությունը մտադիր է լուծարել լեզվի պետական տեսչությունը:

Այս մարմնի շուրջ պարբերաբար աղմուկ է բարձրանում լրատվամիջոցներով. մարդիկ բողոքում են, որ արդյունավետ չի աշխատում, չի կատարում իր գործառույթների մեծ մասը, երկրի լեզվավիճակը ոչ թե բարելավվում է, այլ, ընդհակառակը, գնալով վատանում: Ոմանք էլ զայրացած կոչ են անում այդպիսի վատ աշխատող հիմնարկը փակել, վերացնել:

Իհարկե, միամտություն կլիներ մտածել, թե այսպիսի հուզական զեղումների ազդեցությամբ է կառավարությունը որոշել լուծարել լեզվի տեսչությունը: Երբ, օրինակ, կառավարությունը ակնհայտորեն վատ է աշխատում, ապա ոչ մեկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարության: Պարզապես նոր վարչապետ է նշանակվում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարության կազմը:

Ոմանք կառարկեն, թե երկիրն առանց կառավարության չի կարող լինել, բայց առանց լեզվի տեսչության կլինի: Կառավարությունը՝ ոնց որ երկրի գլուխը. առանց գլխի մարդ կլինի՞: Բայց, ի՞նչ է, քի՞չ կան անուղեղ մարդիկ: Անոտ, անձեռ, անաչք, անականջ մարդիկ էլ են լինում, Աստված կարոտ պահի: Բայց դա չափանիշ չէ:

Իսկ որ Ֆրանսիայում լեզվի տեսչությունը նախարարության կարգավիճակ ունի, դա՞ ոնց է, մեզ համար չափանիշ լինել չի՞ կարող: Թե՞ կարծում եք, որ այդ նախարարությունը քննադատության ու դժգոհության պակաս ունի, Ֆրանսիայում այն փակելու կոչ անողներ չկան:

Չմոռանանք, որ տեսչությունը ստեղծվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի պահանջով, որպեսզի վերահսկի և ապահովի այդ օրենքի դրույթների պատշաճ իրագործումը: Ցավոք, այդ դրույթները մեր անվերապահ հայրենասեր ու հայերենասեր ժողովրդի կողմից խախտվում են համատարած: Եվ այդ բնագավառի ամենակոպիտ իրավախախտները մեր հայրենապաշտ ու ազգասեր օլիգարխներն ու պաշտոնյաներն են, որ իրենց կյանքն էլ կտան հանուն մեր մայրենիի հարատևման: Վկան՝ «Մուլտի գրուպը», «Գրանդ քենդին», «Ալեքս գրուպը», «Էլիտ գրուպը» և այլն, սրանց քույրերը, եղբայրներն ու ճուտիկները՝ մեկը մեկից ավելի մաքուր հայերեն անուններով:

Որոշ խելոքներ կասեն՝ լեզո՞ւն ինչ է, որ դրա պաշտպանության համար հատուկ օրենք էլ լինի: Բայց հասկացող մարդիկ հայերենը համարել են մեր ազգային անվտանգության հայեցակարգի անհրաժեշտ բաղադրիչներից մեկը: Ո՞վ չգիտի, որ հայերենը չլիներ, հայ ազգը վաղո՜ւց վերացել էր:

Այս ամենը շատ լավ գիտեն մեր այսօրվա իշխանավորները, որոնք հավանաբար չեն մոռացել, թե ինչ պայքարի գնով 1993-ին ընդունվեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը: Դրա դեմ կատաղի մարտնչում էին ռուսախոս հայերի ու Հայաստանի ռուսների քաղաքական ու մշակութային կազմակերպությունները (նույնիսկ «Ինչու չպետք է ընդունել լեզվի մասին օրենք» վերնագրով ռուսերեն մի գրքույկ լույս տեսավ ու բաժանվեց խորհրդարանում): Դարձյալ միամտություն կլինի կարծել, թե այդ կատաղի դիմադրությունը միայն նրանց ինքնաբուխ զգացմունքների արտահայտությունն էր: Դրա հետքը շատ ավելի հեռվից ու խորքից էր գալիս: Պարզ է, որ խոսքը ռուսական կայսերապետական ծավալապաշտության մասին է: Բայց այն ժամանակ ռուսական կայսրությունը թուլացման ու քայքայման փուլում էր, իսկ Հայաստանում ազգային զարթոնք ու վերելք էր: Դրա շնորհիվ հաջողվեց ընդունել լեզվի մասին օրենք և ստեղծել լեզվի տեսչություն:

Բայց հետո իրավիճակը սկսեց փոխվել, ահա թե ինչու լեզվի տեսչության 4 պետերից ամեն մի հաջորդը նախորդից ավելի թույլ էր և «խելոք մնալու» ավելի խիստ հրահանգով կաշկանդված, մինչև որ տեսչության ակտիվության մակարդակը մոտեցավ զրոյի: Եվ նույնիսկ բացասական աստիճանի իջավ, երբ լեզվի տեսչության ներկայիս պետը հրապարակավ կողմ արտահայտվեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում այնպիսի փոփոխություն կատարելու օգտին, որով հայաստանցի հայերի համար թույլատրվեց այլալեզու դպրոցական կրթությունը։ Եվ գաղտնիք չէ, որ այդ պահից օրինական դարձան մինչ այդ օրենքից դուրս գործող բազմաթիվ ռուսական դասարաններ, որոնք թաքնվում էին հայկական դպրոցների ցուցանակների հետևում, նաև մի ֆրանսիական դպրոց (Նար-Դոսի 2 հասցեում), որը ԿԳ նախարարի գիտությամբ պարզապես ստվերում էր գործում։

Հիմա իրավիճակը տրամագծորեն հակառակն է: Ռուսաստանը վերելքի փուլում է և ջանում է վերականգնել կայսրության խորհրդային շրջանի նվաճումները: Իսկ Հայաստանը գնալով թուլանում, հյուծվում ու հուսալքվում է: Ոչ վաղուց նա բերման ենթարկվեց Եվրասիական տնտեսական միություն: Դա, հասկանալի է, նշանակում է Ռուսաստանի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու մշակութային գերիշխանության մեծացում: Արդեն հնչում են խոսքեր հայկական դրամը վերացնելու և Հայաստանի՝ ռուբլու գոտի մտնելու, ռուսերենը Հայաստանում պետական լեզու հռչակելու մասին և այլն:

Ահա այս համաշարում միանգամայն հասկանալի է դառնում լեզվի տեսչությունը լուծարելու տրամաբանությունը: Դա նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին: Պատահական չէ, որ մեկ ամիս առաջ լեզվի տեսչությունից անջատվեց և որպես կառավարությանն առընթեր առանձին մարմին հաստատվեց Հայերենի բարձրագույն խորհուրդը, որը գրեթե նունն է լինելու, ինչ նախկին ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական խորհուրդը (կոմիտեն):

Դժվար չէ կանխատեսել, որ լեզվի տեսչության բացակայության պայմաններում անգլերենի վտանգավոր տարածմանը զուգահեռ (ընդգծումը հեղինակինն է) կվերսկսվի ռուսերենի անխոչընդոտ հաղթարշավը Հայաստանում. պետական, առևտրային, առողջապահական, գիտատեխնիկական և այլ հիմնարկներում դարձյալ գործավարությունը կիրականացվի ռուսերեն, հայերենը մեծապես դուրս կմղվի գործածությունից, կտարածվեն ռուսախոսությունը, ռուսական կրթությունը՝ ի հաշիվ հայերենի ու հայկականի: Այդ պայմաններում անիմաստ թղթի կտորներ կդառնան ոչ միայն մեր անկախության հռչակագիրը, լեզվի մասին օրենքը, այլև Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները, որոնք պարզապես կիրառության ասպարեզ չեն ունենա:

Արցախյան շարժումից սկսած՝ մենք ունեցանք մի շարք կարևոր նվաճումներ՝ Հայաստանի ու Արցախի անկախություն, ազատագրված տարածքներ, ազգային բանակ, ազգային արժույթ, օրենքով պաշտպանված պետական լեզու, ազգային դպրոց, հայեցի կրթության միասնական ու համապարփակ համակարգ և այլն: Բայց վերջին տասնամյակում սկսել ենք աստիճանաբար կորցնել այդ նվաճումները: Այսպես որ շարունակվի, ոչ միայն ազատագրված տարածքները, ազգային արժույթը, ազգային բանակը, պետական լեզուն ու հայ ազգաբնակչության մեծագույն մասը կկորցնենք, այլև կվտանգենք Արցախի և նույնիսկ Հայաստանի գոյությունը: Աստված չանի, կիրականանա Իլհամ Ալիևի այն կանխատեսումը, թե «կարիք չկա շտապելու, քանի որ մի 10-15 տարուց Հայաստանն իրեն-իրեն կվերանա ու կդառնա մերը»:

Ահա թե ինչ վտանգավոր ճանապարհով են մեզ տանում մեր իշխանությունները: Դրա հերթական վառ ապացույցն է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության լուծարման մտադրությունը:

Հովհաննես ԶԱՔԱՐՅԱՆ

լեզվաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ռուսերենից բողոքելու փոխարեն լեզվաբանները թող նախ մտածեն համալսարաններում հայկական դասագրքեր ունենալու մասին։
    Տասը տարի սովորելով ԵՊՀ երկու հումանիտար ֆակուլտետներում, ես այդպես էլ ռուսերեն իմացող համակուրսեցի չհանդիպեցի՝ սա փաստ է։ Բոլորը միահամուռ բառարաններով զինված՝ ընթերցասրահում ժամերով ռուսական դասագրքերից թարգմանում էին այնքան պարզ բառեր, որ ամոթ էր նույնիսկ։ Էլ չեմ ասում լեռնական կոպիտ առոգանության մասին, որով տառապում էին նույնիսկ ռուսերենի որոշ դասախոսներ, ինչն ինձ համար տարօրինակ էր․․․այնպես որ Հայաստանին հաստատ ռուսերենի տարածում չի սպառնում ոչ մոտիկ, ոչ էլ հեռու ապագայում։ Եվ ես չգիտեմ, դա լավ է, թէ՝ վատ։

  2. Հայ մարդ says:

    Լեզվի տեսչության թույլ աշխատանքը իբր քիչ էր, հիմա էլ Լեզվի տեսչությունն են լուծարում: Միգուցե եկել է ժամանակը, որ մայրենի լեզվի գործածությունն ու պահպանությունը մեր պետական այրերի համար այլևս կարևոր չէ: Վատ պահակներ ևս կան, ուրեմն այդ տրամաբանությամբ պետք է պահակային ծառայություններն էլ լուծարել: Հետո նույն կերպ կարելի է լուծարել բնապահպանական տեսչությունը, քանի որ մեր բնությունն անխնա ավերվում է և առանձնապես քայլեր չեն արվում: Կարելի է լուծարել ամեն ինչ, բայց դրա փոխարեն կարելի է եղածը կարգի բերել, հետևել դրանց աշխատանքին, խրախուսել պարտաճանաչ ու բանիմաց ղեկավարներին ու մասնագետներին: Թե չէ` լուծարել, լուծարել, լուծարել…

  3. Վահան says:

    Շատ հետաքրքիր է հեղինակի տարիքը: «Խելք» մտքեր և վերլուծություններ հրապարակելիս հարկավոր է նախ իմանալ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում ի սպառ բացակայում էին (և մինչ օրս էլ չկան) գետ մեկ լուրջ տեխնիկական մասնագիտական գրականություն: Եվ դա այն Հայաստանում, որը հասել էր արդյունաբերական և գյուղատնտեսական աննախադեպ զարգացմանը (ԽՍՀՄ-ի շրջանակներում): Հայաստանի անկախության հենց առաջի տարիներից սկսվեց «բռնի» ուժով տեխնիկական տերմինների «հայերենացումը», ինչի հետևանքով գերբարձր տեխնիկական մակարդակ ունեցող մասնագետները, նախագծերը կազմում էին ռուսերեն, հետո բառարաններով թարգմանում հայերեն, որից հետո պատվիրատուին նորից ռուսերեն բացատրում էին նախագծի բովանդակությունը: Բացի դա, Հայաստանում առկա գրեթե բոլոր տեխնիկան և տեխնոլոգիաները արտադրված էր Խորհրդային Միությունում և, հետևաբար, դրանց շահագործման կանոնները նույնպես ռուսերեն էին: Այդ ժամանակ որևէ մեկը չեր ասում, թե հայերեն լեզուն հարկավոր չէ: Ասվում էր. «ստեղծեք հայերենի խելամիտ տեխնիկական լեզու, հետո մնացածը…»: Ցավոք, լեզվաբանները շաաաաատ հեռու են նման տեխնիկական խնդիրներից և լեզվից բացի ուրիշ ոչնչի չեն տիրապետում: Հեղինակին կցանկանայի հարցնել. Կենցաղային քանի՞ սարքավորում ունի տանը, որի անձնագիրը հայերեն է: Իհարկե և ոչ մի հատ: Եթե այդ լեզվաբանին առաջարկեն զբաղվել դրանց թարգմանությամբ, ի՞նչ գումարով կհամաձայնի աշխատել: Որպես սպառող, արդյո՞ք հերթական անգամ չի փնովի կառավարությանը, եթե նման գործընթացի պատճառով այդ ապրանքների գները թանկանան: Ամեն ինչում «ռուսի մատը խառը» տեսնելու փոխարեն ու «հանճարեղ» վերլուծություններ կատարելու փոխարեն, զբաղվեք տեխնիկական անիմաստ «տերմինակոխություններից» հայերեն լեզուն ազատելով:

  4. Ռուբեն says:

    ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

    Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը:
    Ղազարոս Աղայան

    Այո, մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է :
    Պ. Սևակ

    Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:
    Մ. Նալբանդյան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930