Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոն, որի կազմակերպչին «պատվավոր քաղաքացի» շնորհելու շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել Գյումրիում

Ապրիլ 18,2017 15:21

Վաղը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում պաշտոնապես կբացվի «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնը։ Այն 2007թ․-ից ամեն տարի անցկացվում է Գյումրիում՝ երբեմն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնի համանախագահն էլ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը: Կազմակերպիչների ցանկում են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը։

Մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակին: Այս տարի մասնակցելու հայտեր են ներկայացրել ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ 35 երկրներից՝ ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Ավստրիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Իրանից, Իտալիայից, Լատվիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Սերբիայից, Սլովենիայից, Սիրիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մոնղոլիայից եւ այլ երկրներից:

Իսկ մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են 72 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից, օրինակ՝ բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ, հանրահայտ դաշնակահարներ՝ Միխայիլ Արկադեւը (ՌԴ- ՉԺՀ), Կորադո Ռուզան (Իտալիա), Յուրի Մախովիչը (Մոլդովա), ջութակահարներ՝ Բենջամին Իզմաիլովը (Սլովենիա) և այլք։

Նշենք, որ այս փառատոնի շուրջ դեռ երեք տարի առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել Գյումրիում. Գյումրու ավագանին քաղաքի աղքատիկ բյուջեից 5 միլիոն դրամ էր տրամադրել փառատոնի կազմակերպմանը, որը, սակայն, խիստ քննադատության էր արժանացել գյումրեցիների կողմից։

Լեւոն Սարգսյան

Հիշեցնենք, որ անցած տարի ամռան էլ Գյումրիում մեծ աղմուկ բարձրացավ Սերժ Սարգսյանի եղբորը՝ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ազատի Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի կոչման արժանացնելու շուրջ։ ԳԱԼԱ կուսակցությունը ստորագրահավաք էր սկսել նրան այս կոչումից զրկելու համար։

ԳԱԼԱ կուսակցության անդամները Սամվել Բալասանյանի ու Գյումրու ավագանու անդամների հետ վիճաբանության ժամանակ ուշադրություն էին հրավիրում փառատոնի գնացուցակին, պնդում էին, որ միլիոնավոր դոլարներ են մտնում «Վերածնունդ» փառատոնի բյուջե, սակայն գյումրեցի երեխաները չեն կարողացել մասնակցել անվճար հիմունքներով։

«Մտեք, նայեք գնացուցակը, ինչքան պետք է վճարեն մասնակիցները, որպեսզի կարողանան մասնակցել հռչակավոր բարերար Լևոն Սարգսյանի կազմակերպած փառատոնին։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները՝ 6 հազար դրամ, թեև գյումրեցի մասնակցի կտորի վրա գրված է 7 հազար դրամ, երգչախմբերը միանվագ մուծել են 20 հազար դրամ, օտարերկրյա մասնակիցները՝ 100 եվրո, երգչախմբում հանդես եկող օտարերկրյա մասնակիցները՝ 80 եվրո և այլն»,- թվարկում էին ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930