Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի ասուլիսը՝ «դրախտում». «Մենք գալիս ենք իրենց հեռացնելու քաղաքական ասպարեզից» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2017 15:14

Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ավագանու թեկնածուների հետ այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտ ասուլիս էր հրավիրել: Ըստ Զարուհի Փոստանջյանի, Արարիչը, երբ ստեղծել է երկիրը եւ մասնավորապես դրախտը, հենց այդտեղից է սկսել արարել, դրա համար իրենք առաջին ասուլիսը հենց այդտեղ են որոշել տալ. «Երկիր Ծիրանին ողջ Հայկական բարձրավանդակի անունն է, մեզ այդպես են ճանաչել, պատմությունն այդպես է մատնանշում, մենք ենք Երկիր ծիրանիի զավակները եւ տերերը»:

Նա լրագրողներին տարավ սեպագիր արձանագրությունների մոտ, որտեղ Երեւանի հիմնադրման վերաբերյալ արձանագրությունն է: Նա հիշեցրեց, որ 2799 տարեկան է Երեւանը եւ մենք պետք է ապրենք մեր անցյալին հարիր, արժանապատիվ:

Զարուհի Փոստանջյանն ասուլիսի ժամանակ ասաց. «Մենք, լինելով անդրսահմանային ազգ, պատրաստվում ենք ներգրավել մեր ազգի ողջ ներուժը քաղաքական գործունեության մեջ, ոչ թե միայն բարեգործության կամ այլ նպատակների համար, նրա համար, որ կարողանանք մեր քաղաքական հայտը ներկայացնենք ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ ՀՀ սահմաններից դուրս»:

Նա ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրենց առաջին ասուլիսը հենց այդտեղ են անում՝ Էրեբունի բերդի տարածքում, որտեղ թանգարան է, որովհետեւ այստեղ է պահպանվում նաեւ Երեւանի անձնագիրը. «Հենց այդ անձնագրի ներքո, որը այստեղ է տեղադրված, մենք ցանկանում ենք սկսել մեր մեկնարկը քաղաքական սպասելիք միջոցառման համար»:

Նա ընթերցեց եւ վերծանեց սեպագիր արձանագրությունը, ըստ որի Արգիշտին՝ Մենուայի որդին այս անառիկ ամրոցը կառուցեց եւ անվանեց այն Էրեբունի: Թանգարանի բարձունքում Զարուհի Փոստանջյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց, թե ինչպիսին է Երեւանը այսօր. «Տեսաք, թե ինչպիսի տարածքներ ունի, կանա՞չ են, արդյոք, մեր տարածքները, նմա՞ն է այն քաղաքին, որը գծագրեց մեզ համար Թամանյանը: Իհարկե, այդպես չէ, ցավալի է, բայց այս 25 տարիների ընթացքում Երեւանի կանաչ տարածքները վերացան եւ Երեւանը վերածվեց միայն շինությունների, մենք չենք կարողանում ապրել էկոլոգիապես մաքուր քաղաքում»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենց կարգախոսը եւ նախընտրական ծրագիրը կհրապարակեն ամսի 21-ին՝ քարոզարշավի մեկնարկի օրը: Նա ասաց, որ իրենց հիմնական թիրախը այս ընտրություններում ՀՀԿ-ն է. «Մենք գալիս ենք ուղղակի իրենց հեռացնելու այս քաղաքական ասպարեզից, որովհետեւ մենք գտնում ենք, որ նրանք ձախողել են, եւ իրենց երկարաժամկետ պաշտոնավարումն ուղղակի կործանարար է եղել ՀՀ-ի եւ Երեւան քաղաքի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930