Սիրված եւ ճանաչված դերասան Աշոտ Եդիգարյանն օրերս խմբագրություն եկավ՝ որպես «Հրապարակի» հավատարիմ ընթերցող։
– Երեւի տեղյակ եք, հիմա հայկական հեռուստաեթերում նորից հնդկական սերիալների բում է, դրանք ստվերում են թողել անգամ հայկական սերիալները, ինչո՞վ կբացատրեք դա։
– Այո, դրանք արդեն մրցում են իրար հետ։ Անցած օրը մի տխուր առիթով հավաքվել էինք, մեկ էլ մի կին այդ մահացածի թոռնիկին ասաց՝ ոնց որ Չակորը լինի։ Նայում եմ կողքերս, չեմ հասկանում՝ Չակորն ո՞վ է կամ ի՞նչ է, հետո իմացա, որ Չակորը հնդկական սերիալից մի աղջկա անուն է։ Թող ինձ ներեն մեր հեռուստադիտողները, բայց դա թույն է։
– Չե՞ք կարծում, որ հնդկական սերիալների ֆենոմենը նրանում է, որ, ի տարբերություն հայկական սերիալների, որտեղ ամեն օր տեսնում ենք ծեծուջարդ, բանդիտական ռազբորկաներ, գռեհիկ լեքսիկոն, հնդկական սերիալներում ոչ միայն դա չկա, այլ նաեւ իրենց ազգային մշակույթը, կրոնական ծեսերը կարողանում են գեղեցիկ մատուցել, որ հեռուստադիտողը դա է ընտրում։
– Այդ սերիալները, որ մեզ մոտ են ցուցադրում, Հնդկաստանում նույնիսկ չեն նայում, ես մի հնդիկի հետ խոսեցի, ասաց՝ մենք նման բաներ չենք նայում, այսինքն՝ սրանք շատ ցածր կլասի սերիալներ են։ Մինչդեռ հնդիկներն ունեն Բոլիվուդ, որտեղ նկարահանվում են նաեւ լավ գործեր, եւ այդ երգն ու պարը մատուցվում են շատ ավելի պրոֆեսիոնալ։ Ինչպես Չինաստանն իր ամենաորակով ապրանքն ուղարկում է Ամերիկա, իսկ ամենացածրորակ ապրանքը կիլոգրամով այստեղ է ուղարկում, նույնն էլ հեռուստասերիալների դեպքում է, սա է տարբերությունը՝ որակի ու անորակի։ Հետո, եթե անգամ բանդիտական միջավայր են նկարում, դա էլ պետք է իրականության հետ մի քիչ համընկնի, բանդիտը երբեք չի գա մյուս բանդիտին ասի՝ լսի, տես ինչ եմ ասում, բանդիտը խուժան չէ։ Ռոբերդ Դե Նիրոն մի քանի ամիս գնաց բերդում նստեց, որ Ալ Կապոնե խաղար, որպեսզի այդ դերի մեջ մտներ, իսկ մեզ մոտ կտեսնես՝ ինչ-որ մի դոդիկի բերել են, ու գող է խաղում, որն իսկական զավեշտ է:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում