Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դավիթ Շահնազարյանը սուտ մատնություն է անում ՕՐՕ-ի մասին». Հովսեփ Խուրշուդյան

Ապրիլ 18,2017 12:24

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի (ՕՐՕ) տեղեկատվական կենտրոնի համակարգող, «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը սուտ մատնություն համարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը դաշինքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ պարոն Շահնազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես նշել էր. «ՕՐՕ-ի ներկայացուցիչներն այդ փաստը չեն ուզում հասկանալ, բայց հասարակությունը կտրականապես մերժեց զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու հնարավորությունները և այդ ձևը, իսկ ՕՐՕ-ն հանդես էր գալիս նաև ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անունից, նրանք դա պաշտպանել էին և պաշտպանում էին, բայց հասարակությունը դա մերժեց, և սա համարում եմ շատ դրական արդյունք»:

Aravot.am-ի հարցին՝ Դավիթ Շահնազարյանի դիտարկումը, թե «ՕՐՕ-ն հանդես էր գալիս նաև ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անունից և զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու հնարավորությունները նրանք պաշտպանում էին», արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է և ճի՞շտ է նկարագրում դաշինքի մոտեցումները, պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Ընդհանրապես իրականության հետ կապ չունեցող դիտարկում է արել պարոն Շահնազարյանը: Ես միտում եմ տեսնում նրա ասածների մեջ, սա ավելի շատ սուտ մատնություն է ինձ հիշեցնում, քանի որ որևէ նման կոչ կամ հայտարարություն ՕՐՕ դաշինքի որևէ ներկայացուցիչ չի արել, ավելին, ՕՐՕ-ի որեւէ ներկայացուցիչ հանդես չի եկել «Սասնա ծռերի» անունից»:

Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում է, որ պարոն Շահնազարյանը նախ մատնանշի, թե կոնկրետ որ հայտարարության և ասածների վրա է հիմնվում, ու եթե նա պատվեր է կատարում՝ ՕՐՕ-ի հասցեին սուտ մատնություն անելով, ապա  պարզաբանի, թե ով է նրան հրահանգ իջեցրել:

Պարոն Շահնազարյանի մյուս պնդումը հետևյալն էր. «ՕՐՕ-ն իր ստացած քիչ ձայներով պիտի հասկանա, որ հասարակությունը նման ցնցումներ չի ուզում: Իրենք հայտարարեցին, չէ՞, որ հետընտրական գործընթացի հասարակական պահանջ չկա: Փառք Աստծո, որ գոնե այդքանը հասկացել են»:

Հովսեփ Խուրշուդյանն այս առնչությամբ ասաց. «Սա նախորդ ասածի շարունակությունն է: Բայց նախ պարոն Շահնազարյանը պետք է պարզաբանի, թե ցնցումներ ասելով՝ ինչ նկատի ունի: Ամենամեծ ցնցումը ընտրությունների կեղծումն էր, որ տեղի ունեցավ ՀՀԿ-ի կողմից, և պարբերաբար այդ ցնցումները կրկնվում են իշխանության ապօրինի վերարտադրության ձևով: Իսկ եթե դրանց դեմ պայքարը լիներ նույնիսկ հանրահավաքների, բողոքի ակցիաների ձևով, ապա դա որևէ ցնցում չէր նշանակի, հակառակը, դա ՀՀԿ-ի հրահրած ցնցումների արձագանքը կարող էր լիներ եւ բացառապես նորմալ, ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, հասարակությունն իրավունք ունի պայքարելու կեղծիքների, անարդարության, ապօրինությունների դեմ և անառողջ է այն հասարակությունը, որը այլեւս իր մեջ ուժ չի գտնում դրանց դեմ պայքարելու»:

Մեր այն հիշեցմանը, բայց ՕՐՕ դաշինքն այդ հետընտրական պայքարը չի տանում, գուցե պատճառն իրո՞ք այն է, որ ցանկանում են ցնցումներից խուսափել, պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «ՕՐՕ դաշինքի ղեկավարները նշել են, որ եթե լիներ հասարակական պահանջ նման պայքարի, ապա ՕՐՕ-ն լինելու էր առաջին գծում: Բայց այդ պահանջը չկար: Ընդհանրապես, նման պահանջ երբևէ խորհրդարանական ընտրություններից հետո չի արձանագրվել, այլ հիմնականում եղել են նախագահական ընտրություններից հետո, որի պատճառով էլ այս իշխանությունները վերացրեցին նախագահական ընտրությունները, որ ավելի հանգիստ ու «անցնցում» կեղծեն»:

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, եթե 101 հոգուց կազմված խորհրդարան լինի, ընդդիմադիր 9 հոգի կա մեկ խմբակցությունից, դա լուրջ, պատկառելի թիվ է. «Հուսանք, որ դրական միտումներ կլինեն, բայց ստեղծվել է մի իրավիճակ, որ ամեն ինչ կախված է իշխանությունից և այս իրավիճակում հուսանք, որ հնարավոր կլինի խուսափել ներքին ցնցումներից, ինչին շատերը ձգտում էին: Խորհրդարան մտած ուժերը այդ ճանապարհով չեն գնացել: Ցնցումներ ասելով՝ նկատի ունեմ ներքին ապակայունացում ստեղծելը, դա էլ տապալվեց»:

Պարոն Խուրշուդյանն արձագանքեց, որ նախ պետք է սպասել, թե որ ուժերն են մտնում կառավարության մեջ, որից հետո միայն պարզ կլինի, թե խորհրդարանում քանի ընդդիմադիր պատգամավոր կա, քանի որ բոլոր այն ուժերը, որոնք չեն մտնի իշխանության մեջ, դասական իմաստով կհամարվեն ընդդիմադիր. «Թե ով ինչ կեցվածք կդրսևորի, մենք կտեսնենք ընթացքում, հիմա հաշվել թե քանի ընդդիմադիրը կլինի, ճիշտ չի լինի, կարող է և 9-ից ավելի լինեն: Թեև մյուս կողմից, եթե Էդմոն Մարուքյանը շարունակելու է անցյալի պես «կողմ» քվեարկել կառավարության, իշխանության ծրագրերին, արդյոք հնարավոր կլինի՞ նրան ընդդիմադիր համարել: Ուստի յուրաքանչյուր պատգամավորի քայլերից ելնելով՝ կտեսնենք, ովքեր են ընդդիմադիր, իսկ ովքեր՝ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930