Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականի երիտասարդական գվարդիայի դերն ու նշանակությունը հստակեցվում է (Տեսանյութ)

Ապրիլ 18,2017 11:49

Ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ամենալուրջ քաղաքական պայքարը, ըստ քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ ընթանում է ՀՀԿ-ի տարբեր թեւերի միջեւ: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով սպասվող առաջիկա ներքաղաքական զարգացումներին՝ փոփոխություններ կառավարությունում կամ նոր կառավարության ձեւավորում, Սերգեյ Մինասյանն ասաց. «Չեմ կարծում, որ առաջին դեմքերի մակարդակով փոփոխություններ կլինեն, բայց միջին մակարդակում կլինեն բավականին շատ նոր դեմքեր, քանի որ ընտրություններից հետո հաղթանակած ՀՀԿ-ում երիտասարդ գվարդիան բավականին նշանակալի է ներկայացված: Այժմ, բնական է, որ այդ երիտասարդ գվարդիայի դերը հստակեցվում է»:

Այս փոփոխություններով, ըստ քաղաքագետի, նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ էության, պատրաստվում է մեկ տարի հետո իր լիազորությունների վայր դնելուց հետոյի զարգացումներին:

Քաղաքագետը խոսեց նաեւ Հայաստանի շահերը այս կամ այն կերպ շոշափող կամ ներառող արտաքին քաղաքական զարգացումներից էլ, մասնավորաբար՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի վերջապես նշանակման եւ անցած շաբաթվա վերջում հարեւան Թուրքիայում կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից:

Aravot.am-ի հարցին՝ այս բարեփոխումների արդյունքում սպասվող զարգացումները, որոնց նպատակն է Թուրքիան դարձնել ուժեղ նախագահական-միապետական պետություն, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ երկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների վրա, քաղաքագետը պատասխանեց. «Բավական երկար ժամանակ Թուրքիայի ներսում անհանգիստ վիճակ է լինելու, քանի որ հասարակությունը մեծամասամբ չի ընդունում այդ հանրաքվեն իր արդյունքներով: Հետեւաբար, դա այս կամ այն ձեւով ազդեցություն կունենա այդ երկրում բնակվող հայ համայնքի, ինչպես նաեւ այնտեղ ապրող եւ աշխատող Հայաստանի քաղաքացիների վրա»:

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ այդ հանրաքվեն էական բարդություններ կառաջացնի նաեւ Թուրքիա-Եվրոպական միություն հարաբերություններում, մինչդեռ ԵՄ-ի հետ լավ հարաբերությունները բխում էին հենց Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների շահերից:

Եվ, ի վերջո, ըստ քաղաքագետի՝ եթե Էրդողանը հաջողի անցնել նախագահական կառավարման համակարգի, ապա դա էլ ավելի կվատացնի Թուրքիայի հարաբերությունները հարեւան երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի հետ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930