Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) պատրաստվում է դիմել երկրի սահմանադրական դատարան հանրաքվեի արդյունքները չեղարկելու պահանջով:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` այս մասին հայտարարել է ԺՀԿ-ի խորհրդարանական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը:
Թեզջանի խոսքով երկրի ներքին գործերի նախարարության որոշմամբ քաղաքացիներին արգելվել է ներկա գտնվել քվեների հաշվարկին, ինչը սահմանադրության խախտում է: Ըստ ԺՀԿ-ական պատգամավորի` ձայների հաշվարկին քաղաքացիների մասնակցությունը ամրագրված է սահմանադրությամբ, և երկրի ՆԳ նախարարությունը քաղաքացիների այդ իրավունքը սահմանափակելու լիազորություն չունի:
Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ Թուրքիայի տարբեր շրջաններից իրենց առնվազն 19 բողոք է փոխանցվել այս խնդրի հետ կապված: Թեզջանը նշել է, որ իրենք այս հարցով արդեն դիմել են բարձրագույն ընտրական խորհուրդ և շուտով պատրաստվում են դիմել նաև սահմանադրական դատարան:
Կարդացեք նաև
«Լարվածությունը թոթափելու միակ միջոցը հանրաքվեն անվավեր ճանաչելն է»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը` հավելելով, որ հարկ եղած դեպքում իր կուսակցությունը կդիմի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում քվեարկության էր դրվել 18 հոդվածից բաղկացած սահմանադրական փոփոխությունները փաթեթը, որով նախ և առաջ նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգին:
Սակայն այս համակարգը Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերի և անգամ արտերկրում բնակվող մի շարք գործիչների կողմից բուռն քննադատության էր արժանացել՝ «բոլոր լծակները մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու» հեռանկարի պատճառով:
Աղբյուր` Ermenihaber.am