Լրահոս
Օրվա լրահոսը

Պետգույքը՝ ընտանեկան կապերի զոհասեղանին

Ապրիլ 17,2017 15:30

ՀՀ կառավարության նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը՝ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, առաջարկեց մասնավորեցնել «Արաքս» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը: Վարչապետի հարցերից հետո պարզվեց, որ Արման Սահակյանը, որ այս պաշտոնում է 2011 թվականից, չգիտի, թե ինչով է զբաղվել այս ընկերությունը, բայց գիտի, որ ընկերությունը չի աշխատում 2000 թվականից՝ արդեն 17 տարի: 2000 թվականից ձեռնարկությունը բան չի անում, ինչի՞ ենք 17 տարի սպասում, զայրացավ վարչապետը: 2000 թվականից ՀՀ-ում հինգ վարչապետ է փոխվել, Կարեն Կարապետյանը հենց հինգերորդն է, բոլորն էլ, ինչպես Արման Սահակյանը՝ ՀՀԿ-ական: Ու 17 տարում ոչ ոք չի նկատել, որ Արման Սահակյանը թերանում է, չգիտի՝ իրեն վստահված ոլորտում ինչ կա-չկա:

2000 թվականից մինչ օրս Արման Սահակյանի հայրը սովորական պատգամավորից դարձել է կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահ: Ու սա է միակ պատճառը, որ իր ոլորտում թերացող նրա որդին շարունակում է պաշտոնավարել: Կարեն Կարապետյանը մշտապես խոսում է արդյունավետ աշխատանքի մասին: Բայց ինչքան էլ հզոր ու լավ գործիք ունենաս, արդյունքի չես հասնի, եթե դրանից գլուխ չես հանում: Պիտի գործից հասկացող մեկին վստահես այդ գործիքը: Արման Սահակյանն ակնհայտորեն գործից գլուխ չի հանում՝ նախ 6 տարում չի տեսել, որ չաշխատող ընկերություն կա, եւ ապա՝ կառավարության նիստին գալիս է անպատրաստ՝ չգիտի, թե ինչ ընկերության մասին է խոսում: Եթե հիշենք, որ Արման Սահակյանի հայրը՝ Գալուստ Սահակյանը, ասում էր «կառուցողական զենքեր», «ցմահ մահապատիժ», «գողությունը գողանալը չէ» եւ այլն, պետք չի զարմանալ, երբ Արման Սահակյանը կառավարության նիստին գնում է անպատրաստ եւ խոսում մի բանից, ինչից անտեղյակ է: «Հոր կտորն ա էլի»,- կասեր «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոս Մուրադը:

Կարեն Կարապետյանը Արման Սահակյանից ռեֆորմ է սպասում: Սահակյանը խոստացել է մեկ ամսում ծրագիր ներկայացնել: Քիչ հավանական է, որ 6 տարի բան չարած մարդը մեկ ամսում հրեղեն կտրի ու բան անի: Կարեն Կարապետյանը լավ կանի պետգույքի կառավարման ոլորտում ռեֆորմը սկսի կադրային փոփոխությամբ՝ անկախ որեւէ մեկի ընտանեկան կապերից, ինչպես Պետեկամուտների կոմիտեում կամ տրանսպորտի եւ կապի նախարարությունում:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

15,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930