Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ընտրություններ 2012/2017. Ձայների աճ են գրանցել միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն

Ապրիլ 17,2017 14:30

Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել 4 ուժ: «Առավոտ»-ը համեմատել է 2012 թվականի եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների գրանցած արդյունքները:

Եվ այսպես՝ 5 տարիների ընթացքում աճ է գրանցել 2 կուսակցություն, դրանցից մեկը իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է. եթե 2012 թվականին ՀՀԿ-ն ստացել է 664 266 ձայն, ապա 2017 թվականին 770 441 ձայն է ստացել: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցում էր միայնակ, այն հավաքել է ավելի շատ ձայն, քան «Ծառուկյան» դաշինքը՝ 5 տարի անց 454 671-ից ձայները նվազել են 428 836-ի:
Աճ է գրանցել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը. եթե 2012 թվականին նրանք ստացել են 85 544 ձայն, ապա 2017 թվականին ձայները ավելացել են մոտ 17 հազարով՝ 103 048:

«Ժառանգություն» կուսակցությունը այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքով: Իսկ 2012 թվականին «Ժառանգությանն» էր միացել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, 2017-ին արդեն «Ազատ դեմոկրատները» ընտրություններին մասնակցում էր առանձին: Եվ չնայած դրան՝ թե՛ ՕՐՕ դաշինքը, թե՛ «Ազատ դեմոկրատները» միասին չկարողացան հասնել «Ժառանգություն» կուսակցության 2012 թվականի գրանցած արդյունքին: 2012 թվականին «Ժառանգությունը» ստացել էր 86 993 ձայն, իսկ 2017 թվականին՝ ՕՐՕ դաշինքը ստացավ 32 508 ձայն, իսկ «Ազատ դեմոկրատները»՝ 14 739 ձայն:

Հայ ազգային կոնգրեսը 2012 թվականին ստացել էր 106.901 ձայն, իսկ ահա 2017-ին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ձայները պակասել են մոտ 4 անգամ. դաշինքը ստացել է 25 950 ձայն: «Օրինաց երկիր» կուսակցությունը 2012 թվականին ստացել էր 83 123 ձայն, իսկ 2017 թվականին արդեն «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացավ մոտ 25 հազար ձայն պակաս՝ գրանցելով 58 265 ձայն արդյունքը: Հայաստանի Կոմունիստական կուսակցության ձայներն էլ այս 5 տարիների ընթացքում պակասել են 4000-ով՝ 2012 թվականին կուսակցությունը ստացել էր 15 899 ձայն, իսկ 2017-ին՝ 11 741:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

15,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930