Լրահոս
Օրվա լրահոսը

100 և ավելի տարի է, ինչ այս սրբավայրում այսպիսի տոնախմբություն չի եղել. Դադիվանքի Հովհաննես քահանա Հովհաննիսյան

Ապրիլ 17,2017 11:31

Ապրիլի 16-ին մարդաշատ էր Հայոց ամենանշանավոր ու վաղնջական ժամանակների հոգևոր սրբատունը՝ Դադիվանքը, որտեղ կայացավ «Ուրախ Զատիկ» փառատոնը: Այստեղ էին եկել հազարավոր հայ ուխտավորներ Արցախի բոլոր շրջաններից, մայրաքաղաքից, Մայր հայրենիքից ու Սփյուռքից:

ՀՀ Պաշտպանության նախարարության հոգևոր ծառայության առաջին պատասխանատու Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո տեղի ունեցավ 30 զինվորների մկրտության արարողություն:

Տոնն առավել գեղեցիկ ու ազգային, ժողովրդական էին դարձրել Շահումյանի շրջանի 16 համայնքները ներկայացնող բնակիչները, ովքեր սեղաններ էին զարդարել ու կազմակերպել հյուրասիրություն:

Վանական համալիրում նաև իրականացավ ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Համերգային մասով հանդես եկավ «Մենք ենք մեր սարերը» համույթը, այլ խմբեր: Սրբավայրի տարածքում շուրջպար էին բռնել մեր հայրենակիցները՝ տարբեր վայրերից եկած: Պարող երիտասարդներին էին միացել հոգևորականներ ու զինվորներ: Հայոց հնամենի վանքի բակում հնչում էր միասնության երգը, կատարվում միասնության ու ռազմական, ազգագրական պարը:

Ն զորամասի նվագախմբի զինվորների կատարմամբ հնչում էին ռազմահայրենասիրական, ժողովրդական ու ազգագրական երգեր: Զինվոր Սարգիս Ջանիկյանը մի քանի երգ կատարեց՝ ոգևորելով ներկաներին: Երևանից է զինվորը, որն արդեն 10 ամիս է՝ ծառայության մեջ է:

Դադիվանքի Հովհաննես քահանա Հովհաննիսյանը կարևոր է համարում նման միջոցառումը՝ ասելով.

-Կարևորը հոգու լույսն է, որ ստանում ենք Աստծուց. 100 և ավելի տարի է, ինչ այս սրբավայրում այսպիսի տոնախմբություն չի եղել: Փառք Աստծո, շնորհավորում եմ մեր ժողովրդին, թող Տերը պահապան լինի նրան:

Մկրտությունից հետո զինվորները շարվեցին Սուրբ Դադիի շիրիմի մոտ: Տեր Վրթանես Աբրահամյանը կարևորեց, թե որտեղ է կայացել զինվորների մկրտությունը, և մկրտվողներին բաժանեցին Մկրտության վկայականներ, Նոր Կտակարան: Տոնոյան Աթոն Գյումրիից է՝ 3 ամսյա ծառայող: Ասաց՝ թեթևություն է զգում մկրտվելուց հետո, ավելի ոգևորված և պատրաստ հայրենիքի պաշտպանությանը: Արթուր Մաթևոսյանը Ստեփանավանից է, շուտով կզորացրվի և տուն կվերադառնա մկրտված, ինչպես ինքն ասաց՝ թեթևացած, հավատով լի:

Փառատոնն արդեն 6-րդ անգամ իրականանում է Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ, բազմազավակ մայր Մարիամ Փիլաֆյանի նախաձեռնությամբ՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Շահումյանի շրջվարչակազմի աջակցությամբ: Ուրախ է ազգային տոների ու ավանդույթների, տիկնիկների վերականգնմանը ու պահպանությամբ զբաղվող Մ. Փիլաֆյանը: Չէր սպասում, որ այսքան մարդաշատ կլինի Դադիվանքում: Ուրախ է նաև այն առիթով, որ վանական համալիրն արդեն հոգևոր սպասավոր ունի:

Տոնին մասնակից եղան նաև Քաշաթաղի շրջանի Բերձորի և Աղավնոյի բնակիչները՝ Բերձորի երկրագիտական թանգարանի տնօրենի նախաձեռնությամբ: ԱՀ կառավարությունը հոգացել էր տրանսպորտի խնդիրը, և Բերձորում գործող հանրակրթական 2 դպրոցներից 20-ից ավելի աշակերտներ, ինչպես նաև ուսուցիչներ, երիտասարդներ նաև Աղավնոյից, մասնակից եղան «Ուրախ Զատիկ» փառատոնին ու տուն եկան գոհ:

Փառատոնին ներկա էին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, այլ պաշտոնատար անձինք: Նույն օրը Սուրբ պատարագ մատուցվեց նաև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում: Շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս Վարդապետի ձեռամբ նախորդ օրը կայացավ նաև Ճրագալույցի արարողություն:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930