Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կստանա՞ն 60 մլն դրամը ՀՀԿ-ի համար ձայն հավաքող 30 տնօրենները

Ապրիլ 17,2017 13:00

Այն բանից հետո, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը Ազգային ժողովի ընտրություններից առաջ հայտարարեց, որ ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում եւ մանկապարտեզներում, այս տնօրենները որոշեցին դատի տալ կազմակերպությանն ու դրա ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին հ/կ-ն sut.am կայքում հրապարակեց 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցների ձայնագրություններ, որտեղ, ըստ էության, նրանք խոստովանում են, որ ՀՀԿ-ի օգտին ցուցակ են կազմում եւ ձայներ հավաքում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով հ/կ-ի հրապարակմանը՝ ասել է, որ տվյալ տնօրեններն իրենց աշխատանքը իրականացրել են ոչ իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակներում, ոչ աշխատանքային ժամին, եւ որ ոչ մի խախտման մասին խոսք գնալ չի կարող։ Հետո հ/կ-ն էլ հրապարակել էր կատարված զանգերի քաղվածքը, ըստ որի՝ այդ զանգերը կատարվել են բացառապես աշխատանքային ժամերին եւ հիմնականում աշխատանքային հեռախոսահամարներին:
ՀՀԿ կենտրոնական շտաբն էլ պարզաբանել էր, որ ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որեւէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի խախտում: Եվ փոխանակ իրավապահ մարմինները պարզեն՝ վարչական ռեսուրսի չարաշահում կա, թե ոչ, 30 դպրոցների տնօրեններ շտապեցին դատական հայց ներկայացնել հ/կ-ի եւ Դանիել Իոաննիսյանի դեմ՝ պահանջելով հերքում եւ յուրաքանչյուրը 2 միլիոնական դրամ, ընդհանուր՝ 60 միլիոն դրամ:

Ինչպես կավարտվի դատական հայցի քննությունը՝ ներկայացնում ենք տարբեր հարթակներում հնչեցրած մեդիափորձագետների ու իրավապաշտպանների կարծիքները:

Դանիել Իոաննիսյանը News.am-ին ասել է. «Մենք վստահ ենք՝ որեւէ մեկին չենք զրպարտել, բարեխղճորեն հրապարակել ենք մեր հավաքած տեղեկությունները: Եթե հայցերը մերժելուց տարբեր այլ որոշումներ կայացվեն, մենք դա կդիտարկենք որպես իրավունքների իրացման դեմ, խոսքի ազատության իրացման դեմ ոտնձգություն»:

Տնօրենների փաստաբան Հարություն Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում ասել է. «Ընտրական օրենսգիրքը ցանկացած ընտրողի հնարավորություն է տալիս քարոզչությամբ զբաղվելու ու քարոզչական նյութեր տարածելու, մանկավարժների մասով միակ արգելքը, որը գործում է, իրենց լիազորություններն իրականացնելիս քարոզչական նյութեր տարածելու մասով է, այս դեպքում մեզ դիմած մարդկանց մեծամասնությունը ՀՀԿ անդամ են, նրանք աշխատանքից դուրս իրավունք ունեն ու չեն էլ հերքում, որ այդ օրերին քարոզչություն արել են, այս դեպքում բարձրաձայնել, որ տնօրենները քարոզչությամբ են զբաղվում, ՀՀԿ-ն վարչական ռեսուրս է օգտագործում, իսկ հրապարակված հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը իբր իրականացվել է մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների, նրանց աշխատակիցների միջոցով աշխատանքային ժամերին, զրպարտություն է: Նաեւ Սահմանադրական դատարանի նախադեպային մոտեցումներ կան, եթե անձին վերագրում ես հակաիրավական, հակաբարոյական արարք, որը նաեւ նախատեսված է քրեական օրենսգրքով, կամ իր բնույթով հանցանք չէ, զանցանք է, այդ դեպքում գործ ունենք դասական զրպարտության հետ: Կարդացողի մոտ այդ տպավորությունն է, որ տնօրեններն իրենց մանկավարժական գործընթացը թողած՝ զբաղված են ձայներ հավաքագրելով, ինչը, վստահորդներիս պնդմամբ, այդպես չէ»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Մեդիա կենտրոնում» վստահեցրել է՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի վիճարկվող աշխատանքում քրեական արարք չկա: Գյումրու ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ դատական հայցերի նպատակն, ըստ ամենայնի, ահաբեկելն է, ոչ թե արդարադատությունը. «Ձայնագրությունները հրապարակելու մեջ զրպարտություն չկա, իմ կարծիքով: Դա զրպարտություն որակելը կամ անգրագիտություն է, կամ նենգափոխելու նպատակ ունի: Անհեթեթ հայցեր են, անապացուցելի բան է, մարդը չի զրպարտել, խոսել ենք բազմաթիվ փաստաբանների, իրավաբանների, փորձագետների հետ»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով էլ՝ տնօրենները չպետք է դիմեին դատարան զրպարտության հիմքով, այլ թաղապետարանները, մարզպետարաններն ու Հանրապետական կուսակցության շտաբները պետք է դիմեին դատարան` ընդդեմ տնօրենների ու ասեին, որ նրանց ասածը զրպարտություն է. «Այժմ իշխանությունները տնօրեններին հերթական անգամ նվաստացնում են եւ ստիպում են բացարձակապես անհիմն հիմքով դիմել դատարան»:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ն էլ օրերս հայտարարություն տարածեց. «Իշխանությունների նախաձեռնությամբ Իոաննիսյանի դեմ դատական գործ սկսելը, ցինիզմի բարձրագույն դրսեւորում լինելով հանդերձ, նաեւ քաղաքացիական հասարակությանն ուղղված նախազգուշացում է։ Ովքեր կհամարձակվեն փաստարկված, հասցեական ու անհերքելի ապացույցներով ի ցույց դնել ընտրական գործընթացում կամ որեւէ այլ բնագավառում իշխանությունների իրականացրած անօրինականություններն ու խարդախությունները, կթիրախավորվեն իշխանությունների կողմից ու կենթարկվեն ամենախիստ ու տարատեսակ հետապնդումների։ Կարծում ենք, որ Դանիել Իոաննիսյանի դեմ իրականացվող այս հարձակումը պետք է դիտարկել որպես հարձակում՝ ուղղված ողջ քաղաքացիական հասարակության դեմ»։

Դատական հայցի վերաբերյալ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը Media.am-ում վերլուծելով իրավիճակը՝ նկատել է, որ 30 տնօրենների հայցը դատական հեռանկար չի կարող ունենալ: Պարոն Հարությունյանի դիտարկմամբ՝ «Եթե միաժամանակ 30 հոգով հայց են ներկայացնում, ապա մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ սա կազմակերպված եւ ուղղորդված գործողություն է, եւ իրավունք ունենք եզրակացնելու նաեւ, որ այն ուղղորդված է իշխող կուսակցության կողմից»: Հարությունյանն իր վերլուծության մեջ մեջբերել է, ըստ Քաղաքացիական օրենսգրքի, զրպարտության սահմանումը. «Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

Հարությունյանը նկատել է՝ տվյալ հրապարակման մեջ փաստացի տվյալներ են միայն ձայնագրությունները: Սակայն հայցվորների պաշտպանը հարցազրույցներում պնդում է, թե «խոսքը վերաբերում է ոչ թե նրան, որ ձայնագրությունը չկա, բայց ներկայացվում է, այլ որ հոդվածի մեջ ասվում է, թե վարչական ռեսուրս է չարաշահվում դպրոցի տնօրենների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից»: Ըստ Հարությունյանի՝ «Զրպարտության հայցը վերը բերված սահմանումից կարող է ներկայացվել միայն փաստերի վերաբերյալ: Այն, որ հոդվածի մեջ ասվում է, թե վարչական ռեսուրս է չարաշահվում տնօրենների կողմից, բերված փաստերի վրա հիմնված գնահատող դատողություն է, ինչը հերքելու պահանջ ներկայացնելն ընդամենը նշանակում է, որ այդ տնօրեններն ու նրանց ուղղորդողները չեն տարբերում փաստը գնահատող դատողությունից: Ավելին՝ եթե մի քիչ ծանոթ լինեին Եվրոպական դատարանի նախադեպերին, ապա կհասկանային, որ նման հայցը դատական հեռանկար չի կարող ունենալ»: Ապա Հարությունյանն իր վերլուծությունը եզրափակում է հետեւյալով. «Եթե դատարանը որոշի բավարարել 30 տնօրենների հայցը, իսկ վերին ատյաններն էլ այդ վճիռը թողնեն անփոփոխ, ապա վստահաբար ասում եմ՝ Եվրոպական դատարանում այս գործով Հայաստանը հերթական պարտությունը կկրի»:

 

Պատրաստեց ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ

«Առավոտ»

15,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930