Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՍ-ի Արտակի նման եւս հարյուր արտակների կողմից կիրառվել են ճնշումներ»

Ապրիլ 17,2017 12:10

Լեւոն Զուրաբյանը՝ ՍԱՍ-ի Արտակի
օգտին ձայներ հավաքելու ձայնագրության մասին

«ՍԱՍ-ի Արտակի դեպքը ընդամենը մի պատմություն է, որը եւս մեկ ապացույց է մեր ասածին, որ մարդկանց ահաբեկում են, ճնշում են, շանտաժի են ենթարկում, սպառնում են աշխատանքից ազատել, իսկ ով որ ձայներ բերի` կպարգեւատրեն: Դրանք ճնշումներ են, որոնք կիրառվել են ոչ միայն ՍԱՍ-ի Արտակի կողմից, այլեւ ՍԱՍ-ի Արտակի նման եւս հարյուր ՍԱՍ-ի արտակների կողմից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ Սահմանադրական դատարան դիմելու պատճառներից մեկն էլ հենց նման դեպքերն են:

Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը: Ընդդիմադիր դաշինքը դատարանից պահանջել է անվավեր ճանաչել ընտրությունները։

Մեկնաբանելով ՍԱՍ-ի Արտակի` Արտակ Սարգսյանի անվան շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքը, որտեղ նախընտրական ժողովներից մեկում, ըստ լրատվամիջոցներում տեղ գտած ձայնագրության, մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել Արտակ Սարգսյանի օգտին, իսկ ով ձայն չբերի՝ կկորցնի աշխատանքը, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՍԴ ներկայացրած իրենց հայտարարության մեջ էլ ասվում է, որ մեր երկրում իրականում ընտրություններ չեն կատարվել, որ ժողովրդի ազատ կամարտահայտություն տեղի չի ունեցել: Ըստ պարոն Զուրաբյանի՝ պատճառներից առաջինն այն է, որ տեղի են ունեցել վարչական տարբեր տեսակի ճնշումներ եւ պաշտոնեական դիրքի չարաշահում, որով ազդել են ընտրողների վրա, նրանց ահաբեկելով, տարբեր տեսակի սպառնալիքներ ներկայացնելով` պարտադրել քվեարկել իրենց հրահանգներով. «Երկրորդ պատճառն էլ այն է, որ լայնածավալ ընտրակաշառք են բաժանել, երրորդ` տեղի են ունեցել քվեարկության գաղտնիության զանգվածային խախտումներ, որոնք ֆիքսված են հանձնաժողովներում տեղադրված 1500 տեսախցիկներով»:

Մեր այն հարցին` այս պատմությունը կտեղափոխվի՞ իրավական հարթություն, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՍԴ դիմած իրենց հայցում ներկայացնում են նաեւ այն հանգամանքը, որ «սա իրականում պետականորեն կազմակերպված հանցագործություն է, որովհետեւ իրավապահ մարմինները` դատախազությունը, ոստիկանությունը, ոչ միայն ոչինչ չեն արել այս ապօրինության դեմն առնելու համար, այլեւ ըստ էության հովանավորել են»:

Պարոն Զուրաբյանի խոսքով՝ «Ինչպես երեւում է այս ձայնագրություններից, մի 200 մարդ նստած են դահլիճում, եւ բավականին լուրջ ժողով է, այդքան մարդ նստած են, եւ դրա մասին ոչինչ չգիտեն ո՛չ ոստիկանությունը, ո՛չ քննիչները, ո՛չ դատախազությունը: Դա առնվազն ճշմարտանման չի: Այսինքն` իրականում պարզ է, չէ՞, որ, եթե ոստիկանությունը ցանկություն ունենար, այս ամենը վաղուց բացահայտված կլիներ, նման ժողովներ չէին լինի, նման ապօրինություն չէր լինի, այս ամենը հովանավորվում է իրավապահ մարմինների, Սերժ Սարգսյանի կողմից, ուստի եւ, բնականաբար, անգամ եթե ստիպված լինեն դեմքը փրկելու համար ինչ-որ ընթացք տալ գործին, ամեն ինչ անելու են, որ սահմանափակվի գործը` մի քանի երկրորդական մարդու պատասխանատվության կանչելով»:

«Առավոտի» այն հարցին, թե այսինքն` մանդատը վայր դնելու ակնկալիքներ չունենա՞ն բոլոր նրանք, որոնք դատապարտում եւ հակաօրինական են համարում այս դեպքը, պարոն Զուրաբյանը պատասխանեց, որ մանդատը վայր դնելով՝ հարց չի լուծվում. «Միայն ինքը չի արել այդպես, պիտի մանդատը վայր դնի ամբողջ ընտրված Ազգային ժողովի կազմը` բացի նրանցից, որոնք հանցագործություն չեն արել: Մեր հայցով մենք ասում ենք, որ այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչել եւ նոր ընտրություններ անցկացնել: Միայն մեկ մանդատի հարց լուծելով, որը հնարավոր է եւ լուծվի, եթե այլ ճար չունենան, հիմնական խնդիրը չեն լուծում, սա մեկ դրվագ չէ առանձին, սա համակարգ է, հարյուրավոր ՍԱՍ-ի արտակների հիման վրա կառուցված համակարգ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

15,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930