Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան մահապատիժը ընդունելով՝ կխզի կապն իր դաշնակից արեւմտյան պետությունների հետ». թուրքագետ

Ապրիլ 17,2017 10:43

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ Թուրքիայում կայացած սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով` հատկապես գյուղական համայնքներում. «Ավելի կրոնամետ թուրքերը աջակցություն են հայտնել Էրդողանին, իսկ քեմալական սկզբունքներին հավատարիմ թուրքերը դեմ էին արտահայտվում: Պառակտվածությունը էթնիկ սահմաններ չի ճանաչում»:

Մեր այն հարցին, թե «Այո»-ի հաղթանակը ինչպիսի՞ խնդիրներ կարող է առաջացնել Թուրքիայում ապրող հայ համայնքի համար, թուրքագետը պատասխանեց, որ հայ համայնքի խնդիրներն այնքան շատ են եւ այնքան խորը, որ արդեն հասել են ծայրահեղ աստիճանի. «Ամեն ինչ կապվելու է մեկ անհատի՝ Էրդողանի հետ, որն ունի բացահայտ այլատյաց վերաբերմունք, որը չի զլանում իր տրամադրությունները բացահայտ ասելուց՝ ընդդեմ հայերի, հույների, ոչ թուրք ժողովուրդների: Այս պարագայում հայ համայնքի խնդիրները գնալով ավելի խորանալու են»:

Թուրքագետի խոսքերով՝ հայկական համայնքը ներկայացնող 3 պատգամավորներից 2-ը՝ Կարօ Փայլեանը եւ Սելինա Դողանը ոչ միայն բացահայտ դեմ էին քվեարկում, այլեւ կոչ էին անում համայնքին նույնպես դեմ քվեարկել. «Կարող եմ ասել, որ համայնքում մեծամասնությունը հակված է եղել «ոչ»-ին, միայն օլիգարխիայի, իշխանական տարբեր լծակների տակ գտնվող խմբերը, այդ թվում եւ կրոնական որոշ գործիչներ, որոնք գտնվում են իշխանության վերահսկողության ներքո՝ լծված էին «այո»-ի քարոզին»:

Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ պարոն Մելքոնյանը փաստեց այն հանգամանքը, որ հաշվի առնելով Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվելը այլատյացության, կրոնական թշնամանքի սկզբունքներով՝ այդ հարաբերություններում դրական ակնկալիք ունենալը իրատեսական չէ:

Թե ինչպե՞ս կընդունի ժողովրդամետ Եվրոպան Թուրքիայի այս փոփոխությունը՝ հարցին ի պատասխան թուրքագետը նշեց. «Այս նոր սահմանադրությունը մի շարք կետերով հակասում է եվրոպական ժողովրդական գրեթե բոլոր նորմերին: Հատկապես կարեւոր հանգամանք է, որ Էրդողանը եւ իր վարչախումբը հայտարարել են, թե քննարկելու են մահապատժի վերականգնման հարցը եւ ասել էին, որ եթե ժողովուրդը պահանջի, ապա եւ կարող են վերականգնել մահապատիժը: Այս պարագայում կայրվեն բոլոր կամուրջները, որոնք Թուրքիային կապում էին Եվրոպայի, արեւմուտքի եւ քաղաքակիրթ տարբեր երեւույթների հետ, քանի որ եթե այդ երկրում վերականգնվի մահապատիժը, ապա կլինի այն վերջնական հարվածը, որը կխզի Թուրքիայի հարաբերություներն իր դաշնակից արեւմտյան պետությունների հետ»:

Նշենք, որ երեկ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին միտված հանրաքվե էր, եւ որքան էլ ժողովրդի մի մասը դեմ էր այդ բարեփոխումներին, այնուամենայնիվ հաղթանակը տոնեցին «Այո»-ի կողմնակիցները:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930