«Էրդողանը 2 տարի հետո՝ 2019 թվականից, օժտվելու է անսահմանափակ լիազորություններով, եթե մինչ այդ էական, բեկումնային փոփոխություններ չլինեն Թուրքիայում եւ Էրդողանի անձնական կյանքում, բայց, այնուամենայնիվ, Էրդողանը դառնում է առաջին նախագահը, որն օրենքով օժտված է անսահմանափակ լիազորություններով»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը նույնպես ունեցել է անսահմանափակ լիազորություններ, սակայն, ըստ թուրքագետի, դրանք օրենքով ամրագրված չեն եղել, այլ պայմանավորված են եղել նրա անձով. «Իսկ Էրդողանի պարագայում այս երկուսը միավորվում են ե՛ւ իր անձնական խարիզմատիկ հատկությունները, ե՛ւ նոր սահմանադրությունը նրան օժտում են միապետին, սուլթանին հատուկ լիազորություններով, ինչը բնականաբար Էրդողանի եւ Թուրքիայի պարագայում պատճառ է դառնալու բռնակալության, բռնապետության աճին, ավելի հակաժողովրդավարական սիստեմի ստեղծման»:
Մեր այն հարցին ի պատասխան, թե արդյոք Թուրքիայի բնակիչները չե՞ն գիտակցում, որ անսահմանափակ լիազորություններով օժտված նախագահը կարող է նաեւ իր ժողովրդի հետ ինչպես ցանկանա՝ այնպես էլ վարվի, Ռուբեն Մելքոնյանը բացատրեց մի քանի հիմքերով. «Առաջինը՝ իսլամական մոլեռանդությունը, երբեմն «կույր» հավատը էրդողանի նկատմամբ: Այսինքն` նա ներկայանում է նաեւ որպես կրոնական առաջնորդ, հավատացյալների շահերը պաշտպանող եւ այս հանգամանքը փորձում է ավելի դոմինանտ ձեւով ներկայացնել: Առաջնային է դառնում, ոչ թե այն, թե Էրդողանը օժտվելով անսահմանափակ լիազորություններով՝ ինչեր կանի, այլ առաջնային է դառնում այն, որ իրենց հոգեւոր առաջնորդը կկարողանա էլ ավելի շատ կրոնական ազատություններ շնորհել իրենց, որը քարոզի հիմնական մեխն էր»:
Որպես երկրորդ հանգամանք պարոն Մելքոնյանը նշեց, թե խաղարկվում էր այն, որ հասարակությունը Օսմանյան կայսրությունում նույնպես եղել է միապետական ռեժիմի ներքո եւ Էրդողանը եւ նրա կուսակցությունը քարոզում էին, որ Օսմանյան կայսրությունում եղել է իդեալական հասարակարգ եւ պետք է վերականգնել այն:
Կարդացեք նաև
Նրանք, որոնք «ոչ» էին քվեարկում, ըստ թուրքագետի՝ մտահոգ են, քանի որ Քեմալի ստեղծած Թուրքիան լիովին այլ հիմքերի վրա էր՝ աշխարհիկ էր եւ նաեւ պահպանվում էին աշխարհիկության հիմքեր եւ սկզբունքներ. «Նոր սահմանադրությունով Թուրքիայում այդ ամենը չի լինելու»:
Քվեարկության մասնակցած մյուսը հատվածին, ըստ պարոն Մելքոնյանի, անհանգստացնում է բռնապետության աճը: Քրդական հասարակությունը, մասնագետի խոսքերով, որոնք այլ սահմանադրության պարագայում ավելի շատ են բախվելու իրենց իրավունքները պաշտպանելու անհնարինության հետ. «Այս ամենը գումարելով իրար՝ նկատում ենք հասարակության պառակտելիությունը կրոնական, հասարակության եւ աշխարհայացքային հիմքերով»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ