Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրաբակ գյուղում իր առաջին բեմադրությունը ներկայացրեց «Նուրի» նորարարական տիկնիկ-թատրոնը

Ապրիլ 16,2017 23:30

Գեղարքունիքի մարզում՝ Դպրաբակ գյուղում, տեղի ունեցավ նորաստեղծ  «Նուրի» նորարարական տիկնիկ-թատրոնի առաջնախաղը՝ Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի ներկայացումով:

«Նուրի» թատերական խմբակը ստեղծվել է «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Խմբակի մշտական աջակիցն ու խորհրդատուն է  Էջմիածնում գործող «Մաչանենց» թատրոնը, որը «Նուրի» խմբակի կազմակերպիչների հետ մի քանի անգամ իրականացրել է փորձի փոխանակում:

«Նուրին» իր ձևաչափով տարբերվում է Հայաստանում գործող այլ տիկնիկային թատերական խմբակներից, քանի որ բեմում երևում են  ոչ միայն տիկնիկները, ինչպես սովորաբար լինում է մյուս տիկնիկային թատրոններում, այլև հենց իրենք՝ դերասանները: Իսկ դերասանները գյուղի 13-16 տարեկան դպրոցականներն են՝ 12 հոգի: Նրանց հետ աշխատել և ներկայացումը բեմադրել է գեղանկարիչ Գևորգ Ընծա Բաբախանյանը:

Խմբակի անվանումն ունի իր հետաքրքիր պատմությունը: Նուրին հին հայկական ծիսական  տիկնիկ է, որը երաշտի ժամանակ համարվել է հայ գյուղացու միակ փրկությունը. ժողովուրդը հավատում էր, որ Նուրիի աչքերից են  առաջանում ցողն ու շաղը, բարեբեր անձրևը: Այն հայտվել է Ծաղկազարդի ժամանակ, և պատահական չէ, որ «Նուրի» տիկնիկ-թատրոնն իր գործունեությունը սկսեց Ծաղկազարդից  մի քանի օր անց: Երեխաները բացի ներկայացման հերոսներից պատրաստել են նաև Նուրի տիկնիկ, որը համարվում է այս խմբակի խորհրդանիշը: Նուրին ոչ միայն այս, այլև հետագա բոլոր ներկայացումներում ունենալու է իր դերը՝ միշտ լինելու է խմբակի բեմում:

Թատրոնի համահիմնադիր Արփինեն, ով նաև այս գյուղում աշխատում է որպես համայնքային սոցիալական աշխատող, անդրադառնալով թատրոնի առաջնախաղին և հետագա գործունեությանը նշեց, որ սա շատ կարևոր քայլ է ոչ միայն Դպրաբակ, այլ նաև հարևան գյուղերի պատանիների մեջ մշակույթի և հատկապես թատրոնի հանդեպ հետաքրքրություն ու սեր առաջացնելու համար: Նա նշեց. «Գաղափարն ի սկզբանե մեծ ոգևորությամբ է ընդունվել գյուղում, հատկապես երեխաների կողմից: Ուզում եմ նշել, որ մենք այս խմբակի միջոցով երեխաների մոտ փորձում ենք բացահայտել ու զարգացնել ոչ միայն դերասանական, այլև նկարչական, ձեռքի աշխատանքների, տիկնիկագործության հմտությունները, քանի որ բոլոր տիկնիկները, ներկայացման դեկորացիաները պատրաստվել են երեխաների և թատրոնի համահիմնադիրների՝ Լիլիթի, Սոնայի ու իմ կողմից: Կարծում եմ՝ մեր տարածաշրջանը այժմ գտնվում է մշակութային «երաշտի» եզրին, իսկ մեր «անձրևաբեր» Նուրին կարող է շատ լավ սկիզբ դառնալ մշակութային ծաղկունքի համար»:

«Նուրի» թատրոնը ոգևորել է նաև հարևան գյուղերի երեխաներին, ովքեր ներկայացմանը   ներկա էին որպես հանդիսատես:

Երեխաներին իր ներկայությամբ ու խոսքերով ոգևորելու էր եկել նաև Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր առաջնորդ Տեր Պսակը, ով օրհնեց թատրոնի առաջնախաղն ու բարի երթ մաղթեց «Նուրիին»:

Մելինե ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930