Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան դառնալու է տարատեսակ լարումների, բախումների պարարտ հող». թուրքագետ

Ապրիլ 16,2017 23:07

Հանրաքվեի մասնակի պաշտոնական արդյունքները ցույց են տալիս, որ թուրքերը կողմ են քվեարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գրում է BBC-ին, նաեւ նշելով, թե մոտ 96% քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում «այո» է 51.5% -ով եւ «ոչ» է մոտ 48.5%:

Էրդողանի կողմնակիցներն ասում են, որ խորհրդարանական համակարգը նախագահականով փոխելը կարդիականացնի երկիրը:

Հակառակորդները դեմ են չկնքված քվեաթերթիկները վավեր ճանաչելու որոշմանը:

«Այո» քվեարկելը կնշանակի, որ Էրդողանը կմնա իր պաշտոնին մինչեւ 2029 թվականը:

Դիարբեքիրի հարավ-արևելյան մարզերից մեկի ընտրական տեղամասերից մեկի մոտ երեք մարդ է սպանվել հրաձգությունից:

Մոտ 55 միլիոն մարդ քվեարկելու իրավունք էր ստացել, 167 հազար ընտրատեղամասերում և բարձր է եղել քվեարկության մասնակցությունը:

Aravot.am-ը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Թուրքիայում ընտրությունների ընթացքը: Ի պատասխան պարոն Մելքոնյանն ասաց, թե սպասվում էր շատ ավելի մեծ թվով «այո»-ի քվեարկություն, քանի որ այդ փոփոխություններին սատարում էին ե՛ւ իշխող կուսակցությունը, ե՛ւ «Ընդդիմադիր ազգայնական շարժում» կուսակցությունը, ու նրանք խորհրդարանական ընտրություններին բավական շատ ձայն էին ստացել. «Փաստորեն տեսնում ենք, որ քվեարկությունը ճիշտ է «այո»-ն 50 տոկոսը գերազանցում է, բայց «ոչ»-ը եւս գտնվում է փոքր հեռավորության վրա: Հետաքրքիր է, որ որոշ քաղաքներում եւ նահանգներում «այո»-ն պարտվում է, ինչը խոսվում է այդ տարածքներում մարդկանց աշխարհիկ տրամադրությունների, քեմալական սկզբունքների պահպանման մասին»:

Թուրքագետի խոսքերով՝ մայրաքաղաքում եւ Ստամբուլում Էրդողանի առաջ քաշած սկզբունքները ժողովրդի մեծ մասի կողմից հավանության չեն արժանացել. «Բայց, այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ Էրդողանը հասնում է իր նպատակներին: Ճիշտ է մինիմալ առաջընթացով, որը հետագայում դառնալու է այն հիմքը, որ Թուրքիայում դառնալու է տարատեսակ լարումների, բախումների պարարտ հող, քանի որ ի վերջո՝ սա նաեւ խոսում է հասարակության պառակտվածության մասին: Այսինքն` հասարակության պայմանական 51 տոկոսը ընդդեմ 49 տոկոսի է եւ, քանի որ այս փոփոխությունները վերաբերում էին այդ պետության հետագա տրամաբանությանը, ընթացքին, փաստորեն կարելի է ասել, որ ժողովրդի կեսն ունի անհամաձայնություն՝ պետության կառավարման հետագա ընթացքի հետ կապված»:

Մարդկանց տրամադրությունները, ըստ մասնագետի, արտացոլվելու են այլ հարթակներում եւս. «Դրանք կլինեն քաղաքական պայքարի համար բնորոշ հարթակներ, հասարակական ընդվզումներ, թե կլինեն այլ ոճի, բայց այնուամենայնիվ կլինեն»:

Նշենք, որ այսօր Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե էր: Այս բարեփոխումները միտված են խորհրդարանական կարգերը նախագահականով փոխելուն: Ընդ որում` նախագահը դառնում է ոչ միայն երկրի ղեկավարը, այլ նաև կառավարության ղեկավար, որը կօժտվի անսահման լիազորություններով:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930