Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՀՀ սահմանադրական դատարան ապրիլի 14-ին երկու դիմում է ներկայացվել՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի եւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, մի շարք քաղաքացիների և դիտորդների կողմից: Դրանցում ամփոփված են ընտրությունների օրինականությունը վերահսկած սուբյեկտների, այդ թվում՝ ԶԼՄ-ների, վստահված անձանց եւ դիտորդների՝ ընտրախախտումների վերաբերյալ արձանագրություններն ու փաստերը, տեսանյութերը:
«Այդ փաստերը ներառում են ընտրողների կամքի ազատ ձևավորման և ազատ արտահայտման վրա անհամար ազդեցություններ, որոնք դրսևորվել են համատարած և անթաքույց կաշառքի բաժանման, ընտրողներին ուղղորդելու, քվեարկության գաղտնիության խախտման եւ քվեարկության նկատմամբ հսկողություն իրականացնելու միջոցով: Ներառել ենք նաեւ այդ փաստերի առնչությամբ պետական մարմինների արձագանքները, քաղաքական տարբեր դերակատարների եւ հատկապես՝ ՀՀԿ ներկայացուցիչների դիրքորոշումները»,-Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով դիմումների բովանդակությունը՝ ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Ըստ նրա՝ վերոնշյալից եզրահանգում ենք, որ տեղի է ունեցել ընտրողի կամքի ազատ ձեւավորման վրա էական ազդեցություն, որը հետագայում ազդել է նրանց կամարտահայտության վրա՝ ուղղորդումների եւ քվեարկության նկատմամբ հսկողության միջոցով:
«Փաստացի մեկ կուսակցության կողմից վարչական ռեսուրսի զանգվածային կիրառումը եւ չարաշահումը մրցակցությունից դուրս են դրել Հանրապետական կուսակցությանը եւ էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա՝ հնարավորություն չտալով արձանագրել ժողովրդի իրական կամքը: Վարչապետ, պաշտպանության եւ արդարադատության նախարարներ…նրանք շարունակել են պաշտոնավարել եւ հօգուտ իրենց կուսակցության քարոզչություն անել»,-նկատեց Տիգրան Եգորյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ դիմումներում ներառել են նաեւ «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների ժողովի աղմկահարույց ձայնագրությունը, որից պարզ է հետեւյալը. «Եղել է ընտրողների կամքի ազատ ձեւավորման վրա ազդեցություն, կաշառքի խոստում՝ կոնկրետ քվեարկություն կատարելու և այդ նպատակով այլ ընտրողների հավաքագրելու և նրանց կամքի ազատ ձևավորման վրա ազդելու կապակցությամբ»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ ՍԴ-ն ներկայացված դիմումները պետք է քննի դրանք մուտք անելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ