Լրահոս
Օրվա լրահոսը

Տորթ «Կարմիր թավիշ»` առանց ներկանյութերի

Ապրիլ 16,2017 12:30

«Կարմիր թավիշ» անունը կրող տորթը իրականում շատ վառ կարմիր գույն պետք է ունենա, որը ստացվում է սննդային ներկանյութերի շնորհիվ: Լավագույն գույնը ստացվում է թանձրահեղուկ ներկանյութերից: Այս անգամ ես որոշեցի բնական միջոցով ստանալ այն «կարմիրը», որը ստանում ենք հավկիթները սոխի կճեպով ներկելիս: Դրա համար ոչ թե ներկանյութ ավելացրեցի, այլ թարմ բազուկի մզվածք: «Կարմիր թավիշը» համային առումով լրիվ նույնն էր, սակայն արտաքնապես` ավելի համեստ, խամրած կարմրա-շագանակագույն: Եթե ուզում եք ստանալ վառ կարմիր, պարզապես ավելացրեք սննդային բարձրորակ ներկանյութ, ընդ որում` ոչ փոշի, այն չի ներկում տորթը:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար

Ալյուր-4 բաժակ

Ձու- 6  հատ

Շաքարավազ-2 բաժակ

Աղ-1 թեյի գդալ

Մածուն- 2  բաժակ

Կաթնասեր- 1 բաժակ

Բուսական յուղ- 250 մլ

Սոդա- 2 թեյի գդալ

Կակաոյի փոշի-4 ճաշի գդալ

Ներկանյութ- 4 թեյի գդալ կամ ինչպես այս դեպքում է` 1 բազուկի մզվածք

Կրեմի համար

Կարագ-200 գրամ

Սերուցքային պանիր կամ կրեմ-պանիր (կարող եք վերցնել «Ֆիլադելֆիա», «Մասկարպոնե» տեսակների կամ շատ ավելի մատչելի կրեմ-պանիր)- 400-450 գրամ

Շաքարի փոշի- 300 գրամ

Վանիլի մզվածք- 1 ճաշի գդալ կամ վանիլին` մի պտղունց

Պատրաստման եղանակը

Որպեսզի ստանաք բավականաչափ մեծ եւ բարձր տորթ` խմորի համար նախատեսված մթերքները բաժանեք երկու մասի եւ պատրաստեք երկու բիսկվիթ: Այսինքն, սկզբում վերցրեք 3 ձուն եւ մեկ բաժակ շաքարավազը, շատ լավ հարեք, ապա ավելացրեք մեկ բաժակ մածունն ու կես բաժակ կաթնասերը, կես թեյի գդալ աղը, 125 մլ բուսական յուղը(կես բաժակ), հարեք, հետո ավելացրեք ներկանյութը կամ բազուկի մզվածքը (բազուկը ամենամանր անցքերով քերիչով քերեք եւ թանզիֆով քամեք խմորի մեջ), ապա 2 բաժակ ալյուրն ու 2 ճաշի գդալ կակաոյի փոշին: Լցրեք ջեռոցի կլոր թավայի մեջ եւ դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 30 րոպեով` պատրաստ լինելը ստուգեք փայտիկով, եթե լրիվ չոր դուրս գա, հանեք ջեռոցից, դրեք ցանցի վրա հանգստանա:

Ապա ճիշտ նույն ձեւով պատրաստեք մյուս բիսկվիթը:

Երբ բիսկվիթները լավ սառեն, յուրաքանչյուրը բաժանեք 2 մասի, կստանաք 4 կլոր բիսկվիթ: Ամենաանհաջողը փշրեք, ստացեք մանր փշրանքներ:

Պատրաստեք կրեմը: Շատ լավ հարեք սենյակային ջերմաստիճանի կարագը` մինչեւ սպիտակելը, ապա ավելացրեք շաքարի փոշին, շարունակեք հարել, ավելացրեք վանիլը եւ սերուցքային պանիրը, հարեք: Կրեմը պատրաստ է:

Երեք շերտերը միացրեք կրեմով: Տորթի վրան եւ կողքերը կրկին կրեմապատեք: Փշրած խմորով պատեք տորթի եզրերը: Վրան կարող եք ձեւավորել ըստ ցանկության եւ թեմայի: Այսօր, Զատիկի տոնի առթիվ, ես փորձել էի ձվիկներ ստանալ տորթի վրա: Եթե սիրո տոնի կապակցությամբ եք պատրաստում տորթը, ապա անպայման ներկանյութով արեք, որպեսզի վառ կարմիր լինի եւ կարող եք սրտիկներ նկարել տորթի վրա: Ամեն ինչ ձեր ձեռքերում է եւ ձեր երեւակայության մեջ:

Դրեք առնվազն 4 ժամով սառնարան, ապա մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930