Ս.թ. ապրիլի 2-ի կեղծված ընտրություններին հետևեցին իշխանությունների ոչ պակաս զազրելի գործողությունները:
Ապրիլի 14-ին Վարչական դատարանը, իշխող ՀՀԿ-ի քաղաքական ղեկավարության ակնհայտ ուղղորդմամբ, մերժեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցադիմումը, որով պահանջվում էր պարտավորեցնել ԿԸՀ-ին ստեղծել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային հատուկ սարքերում կուտակված մատնահետքերի միասնական բազա և կատարել դրանց համադրում՝ բացահայտելու համար կրկնաքվեարկությունները: Այսպիսով, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս արդարադատության համակարգը ծառայում է ոչ թե արդարության և օրինականության ապահովմանը այլ իշխանությունների պարտադրված կեղծիքին:
Մինչ այդ՝ ապրիլի 12-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է Վերաքննիչ դատարանի կողմից Անդրիաս Ղուկասյանի հանդեպ կալանքի կիրառման և գրավի միջնորդության վերաբերյալ մերժման դեմ բողոքը: Այսպիսով, Անդրիաս Ղուկասյանը մյուս բոլոր քաղկալանավորների և քաղբանտարկյալների պես շարունակում է մնալ ճաղերի ետևում:
Մինչդեռ այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն, գերազանցելով իր լիազորությունները և ստանձնելով դատախազի կարգավիճակ, օրերս հանդես եկավ մեղադրական «եզրակացություններով»՝ Սարի թաղի դեպքերի հետևանքով մինչ օրս քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների գործողությունների մասին: Նշված գործով քննությունն ավարտական փուլում է, և շուտով գործերը քննվելու են դատարանում, և դժվար չէ կռահել թե ինչին է փորձում իշխանությունների պատվերով նախապատրաստել հասարակական կարծիքը մարդու իրավունքների կեղծ պաշտպանը:
Կարդացեք նաև
Զուգահեռաբար իշխող վարչախումբը հարձակում է գործում իր ապօրինությունների բացահայտման ուղղությամբ քայլեր կատարած քաղհասարակության ներկայացուցիչների հանդեպ: ՀՀԿ-ական ուսուցիչների կողմից նախընտրական շրջանում ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ 30 ուսուցիչների կողմից հայցերի կազմակերպված ներկայացումը դատարան ևս պետք է դիտարկել քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում: Այսպիսով իշխանությունները իրենց կամակատարների ապօրինությունների իրավական գնահատականը տալու և դրանց հեղինակներին պատժելու փոխարեն քաղաքական հետապնդում են սկսել այդ ապօրինությունները բացահայտած հասարակական կազմակերպության դեմ:
ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ՀՀԿ-ի անդամ Արտակ Սարգսյանի օգտին սեփական աշխատակիցներից ձայներ կորզելու՝ օրերս բացահայտված ապօրինի մեթոդաբանությունը ևս այլ կերպ, քան հաշվեհարդարի սպառնալիքներով ուղեկցվող քաղաքական հետապնդում անվանել հնարավոր չէ:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը դատապարտում է վերը թվարկված բոլոր ապօրինությունները և իր զորակցությունը հայտնում բոլոր քաղբանտարկյալներին և քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքացիներին և կազմակերպություններին:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք
15 ապրիլի 2017թ.