ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, կատարված ծառահատումների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ ծառահատումներն իրականացվել են 2017 թվականի ապրիլի 8-ին՝ բենզասղոցի միջոցով՝ ՍՊ ընկերության տնօրենի կողմից։ Վերջինս հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ հատումներն իրականացրել է մաքրման և մշակման նպատակով և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Փաստաբանի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել բենզասղոցը։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ տնօրենին ապրիլի 14-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբուսաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մեղադրյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե