Ապրիլի 14-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանքը երկարագձել մեկ ամիս չորս օրով: Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Քրեական գործը հարուցվել էր մայիսի քսանին, ուստի էլ ժամկետ չկա: Առաջիկա մայիսի քսանին է ժամկետն ավարտվում»:
Հետաքրքրվեցինք, թե քննիչն ինչպե՞ս է հիմնավորել, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանքը պետք է հերթական անգամ երկարացնել: «Նա կարդաց, որ Սեֆիլյանի տնից գտել են զինվորական պայուսակ, սպիտակ դրոշ, «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ թռուցիկներ, ցուցակներ…զինվորականի տանը փնտրես՝ մի քանի զինվորական պայուսակ կգտնես, քննիչի ասածները հիմնավոր չեն»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու համար: Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ՝ մայիսի 20-ին արդեն Սեֆիլյանի գործը կլինի դատարանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև