Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական տարածքի ՀՀԿ տարածքային թեկնածու, «Գրանդ տոբակո» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը ստացել է մարզում ամենաշատ՝ 17 202 ձայն: 58-ամյա Գ. Ավալյանը ծնունդով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից 2007-2017 թթ. ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ստացել է 8090 քվե, ինչը բավարար չէ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար:
Թիվ 13 ընտրական տարածքի ՀՅԴ տարածքային թեկնածու, Իջեւանի անտառտնտեսության 32-ամյա տնօրեն Սուրեն Մանուկյանը ստացել է 5391 ձայն: Դա Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ՀՅԴ տարածքային թեկնածուների մեջ ամենալավ արդյունքն է: Ս. Մանուկյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Ստացած քվեների թվով 4-րդը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, մի քանի լրատվամիջոցների գլխավոր խմբագիր, 1984թ. ծնված Վարուժան Բաբաջանյանն է, ով ստացել է 5014 ձայն:
Կարդացեք նաև
Թիվ 13 ընտրական տարածքում ամենաքիչ քվեները ստացել են կոմունիստները: Այդ ընտրական տարածքում ամենաքիչ ձայնը ստացել է նշված կուսակցության տարածքային թեկնածու Մանյա Խեչյանը: Նա ստացել է 19 ձայն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ