Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդային Միության տարիներին մոռացվեցին շատ ավանդույթներ». Լալա Մնեյան

Ապրիլ 15,2017 12:13

Զատկի տոնը նշում են գրեթե բոլորը, սակայն քչերը գիտեն տոնի բուն խորհուրդը և տոնի հետ կապված հետաքրքիր ավանդույթները, խաղերը, որոնք եղել են Հայաստանում,և վերջապես ինչի՞ հետ է կապված մեռելոց հիշատակի օրը:

Հայաստանի ժողովրդական վարպետ, «Կենաց Տուն» մշակութային ՀԿ ի ներկայացուցիչ Լալա Մնեյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց,որ Զատիկը Հայաստանի ամեն շրջանում տոնել են որոշակի առանձնահատկություններով, որոնց մասին կարելի է կարդալ Հրանուշ Խառատյանի «Հայ ժողովրդական տոներ» գրքում: Բոլորի համար ընդհանրական է պահք պահելը: Մարդիկ, ինչպես հիմա, դուրս էին գալիս պահքից շաբաթ երեկոյան և կիրակի պատարագի գնում: Եկեղեցական ծիսակարգը պահպանվում էր ամբողջովին, և դրան ավելանում էին ավանդույթները և մի շարք սովորությունները, որոնցից էր ձու ներկելը:

Բուն Բարեկենդանի տոնի ժամանակ, որը նշվում է Մեծ պահքի նախորդ օրը, մարդիկ կերուխումի վերջում ուտում էին սպիտակ ձու, ապա պահքից դուրս գալով` ուտում էին կարմիր ձու և ասում էին. «Բերաններս փակում էինք սպիտակ ձվով, բարով Զատկին բացենք կարմիր ձվով»: Վերջին ուտեստը լինում էր խաշած սպիտակ ձուն, ապա պահքի շրջանում, ոչ մի կենդանական սնունդ չեն ուտում, այլ միայն բուսական, և դրանից հետո առաջին կենդանական ուտեստը պիտի լիներ ներկած ձուն: Լալա Մնեյանը փաստեց, որ ըստ  ուսումնասիրությունների եվրոպական ավանդույթների հիմքերը արևելքում են և նկատի ունենանք, որ մեր տարածաշրջանն ավելի հարուստ է ներկերով: Մենք՝ հայերս, ներկել ենք ձուն որդան կարմիրով:

Մեր հարևան պարսիկները ևս ձուն կարմիր ներկելու ավանդույթ ունեին. հիշատակություն կա, որ նոր տարվա ժամանակ պարսից շահերը նվիրում էին կարմիր ներկած ձու իրենց հպատակներին: Կարմիր մեզանում ներկել են ամենատարբեր առարկաները՝ խաչքարերը և այլն:Զատկի խորհուրդը մեռնել և հարություն առնելն է . զոհաբերությամբ է, որ նոր կյանք է սկսվում, իսկ նոր կյանքը այլ ձևի մեջ է, օրինակ հատիկը, որը դառնում է ցորենի հասկ: Ձուն կլոր է և նրանում ամբարված է կյանքը, ձուն իր ձևով հատիկին է հիշեցնում, այդ պատճառով է, որ այն Զատկի խորհրդանիշն է:

Հավելենք նաև, որ մեզանում ցավոք սրտի շատ ավանդույթներ չեն պահպանվել, քանի որ մենք շատ տարածքային, մշակութային կորուստներ ենք ունեցել, և բացի այդ էլ խորհրդային միության ժամանակ աթեիստական գաղափարների պատճառով վերացան, և մոռացվեցին շատ ավանդույթներ: Թեև Զատիկը ընտանեկան տոն է, սակայն  կիրակի օրը եղել է համայնական տոնախմբություն՝ կերակուր, որը ախար էր կոչվում, այդ ժամանակ ոչխար կամ եզ էին զոհաբերում: Համայնքի կողմից վստահված մարդիկ գիշերը պատրաստում էին այն, ապա պատարագից հետո ուտում միասին.գյուղեր կան, որտեղ դա ավանդաբար անում են նաև հիմա: Գառը, ինչպես նաև ձուկը Քրիստոսի խորհրդանիշն է: Փլավը, որը մենք ուտում ենք հատիկի խորհրդանիշն է. ըստ տիկին Մնեյանի` հայկական բոլոր խոշոր տոներին ներկա է ցորենը, հատիկը, որը, ինչպես նշեցինք, բնության մեռնելու և հարություն առնելու գաղափարն է պարունակում:

Այն հարցին, թե ինչո՞ւ են զատկին ձու կոտրում Լալա Մնեյանը պատասխանեց. «Խաղերն ու տոնախմբությունը բնականաբար, ցանկացած տոնի անբաժան մասն էին կազմում և բացի ձու կոտրելուց նաև կար ձու փախցնելու խաղը, երբ տոհմի նահապետը ներկած ձուն գավազանից կախում էր, իսկ երիտասարդները փորձում էին փախցնել. բռնողին մեծ հաջողություն էր սպասվում: Կա նաև ձու գլորելու խաղ, որը ես ինքս խաղացել եմ. գտնում էինք բլրակի նման տեղ, մի փոքրիկ թեք լանջ, և ում ձուն ամենահեռուն գլորվեր, նա հաղթում էր և հավաքում բոլոր ձվերը, ապա բոլորով միասին տոնում էինք»: Հայկական մշակույթում շատ երգեր ունենք, որոնք նվիրված են տոնին: Այսօր ընդունված է ուտել կուլիչ, որը ծագումով ռուսական թխվածք է, սակայն մեր հայկականը ունեցել է իր ծիսական թխվածքը, որը կոչվել է կըլոճ:

Ընդհանրապես ամեն շրջան ունեցել է իր ծիսական թխվածքը, որը տարբեր բարբառներում տարբեր ձևով է կոչվել: Լալա Մնեյանը հավելեց, որ ոչ պակաս կարևոր են մեռելոց հիշատակի օրերը, որոնք եղել են նախաքրիստոնեական շրջանում նույնպես: Մենք չպետք է տխրենք մեռելոցի օրերին, այլ տոնի առթիվ մեր ուրախությունը պիտի կիսենք ննջեցյալների հետ: Մինչև 20-րդ դար պահպանված էր շաբաթ երեկոյան պատարագից առաջ գերեզման այցելելու սովորությունը, երբ մոմ էին վառում, և ողջ գերեզմանոցը լույսի մեջ էր լինում: Մեռելոցի խորհուրդը միայն ննջեցյալները չեն, դա կապն է, ազգի և ողջ մշակութային ժառանգության հետ:

Նելլի ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930