Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիրակալին սիրե՞լն է գերադասելի, թե՞ վախենալը». «Ազգ»

Ապրիլ 15,2017 11:07

Խոսենք ամենաանհանդուրժելիի մասին, եւ այդ մասին մեկ անգամ չի ասվել: Անկախության 25 տարվա պատմությունը ցույց տվեց, որ հայոց պետության ղեկավարները` առայժմ նախագահները, իրենց գործունեությամբ ոչ մի պատասխանատվություն չեն կրում ո՛չ ժողովրդի, ո՛չ հասարակական կարծիքի, ո՛չ էլ պատմության առջեւ:

Արդյոք նրանց ստեղծագործությո՞ւնը չէ ներկայիս ողբալի Հայաստանը: Կառավարում են ինչպես կարող են եւ ինչպես ուզում են: Նախընտրական օրերին Հայաստանի հեռուստատեսությունը հատվածներ էր տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի միտինգային բոցաշունչ ելույթներից` «անկախության ու ազատության» տենչալի գաղափարների քարոզչությամբ: Այսօր, ըստ մամուլի վկայությունների, այդ մարդու թոռնիկները հասակ են առնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Իսկ կոմերիտական Ռոբերտ Քոչարյանի մտքով կանցնե՞ր, որ ինքը երբեւէ կդառնա դոլարային միլիարդատեր:

Ո՞ւմ շնորհիվ Հայաստանը վերջնականապես զրկվեց ընդդիմությունից: Ասացեք, խնդրեմ, այս երեքից ո՞րն է շահել սեփական ժողովրդի հարգանքը: Ակամայից ուզում ես մեջբերել անսեթեւեթ իմաստունինՙ Մաքիավելուն, որը տիրակալի հանդեպ համաժողովրդական սերը համարում է շատ ավելի անհուսալի զգացում, քան վախը. «Տիրակալին սիրե՞լն է գերադասելի, թե նրանից վախենալը: Ասում են լավն այն է, որ միաժամանակ ե՛ւ սիրում են, ե՛ւ վախենում: Սակայն սերը դժվարությամբ է համատեղվում վախի հետ, ուստի, եթե հարկադրված ենք ընտրություն կատարել, ապա վախը գերադասելի է: Տիրակալներին սիրում են սեփական հայեցողությամբ, բայց վախենում են տիրակալների՛ հայեցողությամբ»: Կենդանական վախը այդպես էլ չկարողացավ հաղթահարել առանց այդ էլ անդդեմ ու անարյուն հայ ընդդիմությունը:

Ահա եւ, մեկ տարի հետո Սերժ Սարգսյանը ավարտում է իր նախագահական ժամկետը: Տեղին կլիներ, որ հայոց մամուլում քաղաքագետները, փորձագետները, սոցիոլոգները, պատմաբանները մեկնաբանություններ, վերլուծություններ հրապարակեին նրա այդ նախագահական գործունեության արդյունքների մասին: Պետական կենսագործունեության ո՞ր բնագավառներում է երկիրը առաջընթաց ապրելՙ էկոնոմիկա, ռազմարդյունաբերական համալիր, նորագույն տեխնոլոգիաներ, մշակույթ, արվեստ: Ի՞նչ է արվել երկիրը համակած արտագաղթի համաճարակը արդյունավետորեն կանխարգելելու համար: Քանի՞ խոշոր գործարան է կառուցվել: Բարոյահոգեբանական ի՞նչ մթնոլորտ է նա ժառանգություն թողնում իր հետնորդին եւ այլն:

Այդ կարգի նյութերում պիտի գերիշխեն ոչ թե մերկապարանոց մեղադրանքները կամ ստորաքարշ գովերգումները, այլ օբյեկտիվությունը, փաստը, տվյալը, ապացույցը:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մոսկվա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930