Դավթաշեն վարչական շրջանում 5 բարդի և 24 թեղի հատելու համար մեղադրվող Ա. Ս.-ն, որն այսօր կեսօրին ազատ էր արձակվել, քիչ առաջ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել վարույթ իրականացնող մարմնի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը: Նրա խոսքով, պաշտպանական կողմը երեք միլիոն գրավ էր առաջարկել, ինչը դատարանը մերժեց:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ այս դեպքին արձագանքել է նաեւ ՀՀ նախագահը՝ կատարվածը բարբարոսություն որակելով:
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ Բնապահպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ հատվել էր 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ: Հատվել է 5 բարդի և 24 թեղի: Ընդհանուր վնասը երկու միլիոն դրամից ավելի էր գնահատվել։
Փաստաբան Մելքոնյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը բնապահպան է, ծառերը ոչ թե հատել է, այլ՝ էտել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ