Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունների թացն ու չորը

Ապրիլ 15,2017 12:00

Ավարտվեցին Ազգային ժողովի ընտրությունները: Չնայած որոշ սոցիոլոգներ «Ծառուկյան» դաշինքի հաղթանակն էին կանխագուշակում, այդուհանդերձ, Հանրապետական կուսակցությունը ակնհայտ ու բացահայտ հաղթանակ տարավ: Ինչպես որ սպասվում էր: Սպասվելն սպասվում էր, բայց ոչ՝ այս աստիճան բացահայտ ու բացարձակ: Նույնիսկ հանրապետականներից ամենալավատեսներն այսպիսի բացարձակ ու բացահայտ հաղթանակ չէին ակնկալում: Նույնիսկ Ահարոն Ադիբեկյանի ենթադրություններն էին իշխանական կուսակցության այս արդյունքից բավական հեռու: Այս հաղթանակն, այնուամենայնիվ, այնքանով էր ենթադրելի, որ Ազգային ժողովի նախորդ բոլոր ընտրություններում էլ իշխող կուսակցությունն էր հաղթել: Բայց հաղթել էլ կա, հաղթել էլ:

Չնայած Ազգային ժողովի նախորդ բոլոր ընտրություններում էլ իշխանական կուսակցությունը բացահայտ հաղթանակ է տարել, այդուհանդերձ, նախորդ բոլոր ընտրություններից հետո էլ ընդդիմությունն ընտրակեղծիքների ու ընտրախախտումների թեմայով առավել ուժեղ է բարձրաձայնել:

Այս անգամ իրավիճակը միանգամայն այլ է:

Բողոքավոր ընդդիմության բողոքի հիմնական թեման ընտրակաշառքն է: Նախկինում էլ է, իհարկե, ընտրակաշառք կոչվածը գոյություն ունեցել, նախկինում էլ է ընտրակաշառքն էական դեր ունեցել, բայց նախկինում ընդդիմությունը ոչ միայն ընտրակաշառքի մասին էր խոսում, այլեւ ընտրակեղծիքների՝ համատարած լցոնումների ու «կարուսելների» մասին:
Եթե ականջալուր լինենք ընդդիմության հետընտրական դժգոհություններին ու բողոքներին, այնպիսի տպավորություն ենք ստանում, որ այս ընտրություններում լցոնումներ ու «կարուսելներ» գրեթե չեն եղել, եւ հիմնական ու վճռական դերը խաղացել է համատարած ընտրակաշառքը: Այսինքն՝ մեղադրյալի դերում նաեւ ժողովուրդն է, նույն այն ժողովուրդը, ում նույն այս չընտրված ընդդիմությունը ոսկե սարեր էր խոստանում: Բայց ընդդիմության խոստացածը «նիսյա» էր, մինչդեռ ընտրակաշառքը «նաղդ» էր, եւ ժողովուրդը, փաստորեն, «նաղդին» է նախապատվությունը տվել:

Ասում ենք՝ ժողովուրդն ընտրակաշառքն է նախընտրել՝ մոռանալով, որ, այնուամենայնիվ, ժողովրդի որակյալ մեծամասնության մտքով թե՛ նախկինում եւ թե՛ այս անգամ չի անցել, որ կարելի է ընտրակաշառք վերցնել եւ ընտրել իր չուզած թեկնածուին: Փաստորեն, ընտրակաշառք վերցրել է ժողովրդի անորակ փոքրամասնությունը, եթե չասենք՝ հանցագործ փոքրամասնությունը, եւ էս ասածս էլ առանձնապես չափազանցություն չի, որովհետեւ մենք գիտենք, որ իրավաբանորեն թե՛ կաշառք տվողը եւ թե՛ վերցնողը հավասարապես համարվում են հանցակիցներ: Բայց վերանանք ընտրակաշառքի դրամական տարբերակից եւ նկատենք, որ մեր այս եւ նախորդ ընտրություններում ընտրակաշառքի ավելի «բարոյական» տարբերակ էլ է գոյություն ունեցել եւ ունի. դա բացահայտ եւ բացարձակ պոպուլիզմն է, երբ ընտրվողն ընտրողին ոսկե սարեր է խոստանում: Այս ընտրություններում քաղաքական ուժերի հիմնական ինքնադրսեւորումը պոպուլիզմն էր, որի գլխավոր պատճառը քաղաքական գաղափարների բացակայությունն էր: Թերեւս միակ բացառությունը ՀԱԿ դաշինքն էր, որը պոպուլիզմով չէր զբաղվում. ավելին՝ ՀԱԿ-ը ոչ միայն պոպուլիզմին տուրք չտվեց, այլեւ ընդհակառակը՝ չափազանց հակապոպուլիստական պահվածք դրսեւորեց՝ բարձրացնելով ոչ պոպուլիստական խաղաղության հարցը՝ ընդդեմ չափազանց պոպուլիստական «ոչ մի թիզ հողի»:
Քաղաքական ինտրիգների սիրահարները ենթադրում էին, որ ՀԱԿ-ի ու առաջին նախագահի խաղաղասիրությունը համաձայնեցված է իշխանությունների եւ գործող նախագահի հետ, ու նաեւ ենթադրում էին, որ իշխանությունները ՀԱԿ-ի մանդատների հարցը դրականորեն կլուծեն: Բայց ճիշտ հակառակը տեսանք. տեսանք, որ ՀԱԿ-ը, ի դեմս Տեր-Պետրոսյանի, իր քաղաքական սկզբունքները գերադասում է պատգամավորական մանդատներից:

Քաղաքական ինտրիգների սիրահարները համոզված էին, որ իշխանությունները նաեւ Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը խորհրդարան կտանեն, բայց դա էլ տեղի չունեցավ: Ենթադրվում էր նաեւ, որ «Ազատ դեմոկրատները» նույնպես խորհրդարան կմտնի՝ որպես ընդգծված արեւմտամետ ուժ: Դա էլ տեղի չունեցավ: Խորհրդարան անցածներից համեմատաբար արեւմտամետը «Ելք» դաշինքն է, որի անցման թեմայով խորհրդարան չանցածները տարբեր կարծիքներ են հնչեցնում: Բայց փաստը մնում է փաստ, որ «Ելքը» նախընտրական քարոզչության ընթացքում ջանք ու եռանդ չխնայեց, եւ, որ ամենաէականն է, իր նախընտրական գործունեությունն էականորեն տարբերվում էր մյուսներից:

Ինչեւէ. այս ընտրություններն էլ անցան եւ պատմություն դարձան: Իհարկե, ինչպես միշտ, Սահմանադրական դատարան բողոքներ կներկայացվեն, բայց այս անգամ դրանք կլինեն ավելի քիչ եւ ավելի ձեւական: Համենայնդեպս, այդ թեմայով առանձնապես աղմուկ չկա:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

14,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930