Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանավորվածությունը ջրի երես է դուրս գալու

Ապրիլ 15,2017 16:30

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ
Անժելա Խաչատրյանը` կուսակցության «սայթաքումների» մասին

– Վերլուծե՞լ եք կատարվածը, ինչո՞ւ այդպես ստացվեց: Ո՞րն էր ձեր ռազմավարական կամ մարտավարական սխալը, թերացումը: Կամ գուցե ուժե՞րը ի սկզբանե ճիշտ չէին գնահատված:

– Բնականաբար վերլուծել ենք, կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, եւ պարզ է, որ մենք շատ լավ գիտենք՝ ինչ թերացումներ եւ սխալներ են եղել քարոզարշավի ընթացքում, սակայն կարող եմ վստահաբար ասել, որ դրանք չէ, որ ազդել են արդյունքների վրա։ Քարոզարշավի վերջին 5 օրերին ակնհայտ հակաքարոզչություն տարվեց մեր կուսակցության նկատմամբ։ Հիշենք վերջին օրերի սոցիոլոգիական հարցումները, որոնք, բնականաբար, նպատակ ունեին ազդելու քաղաքացիների ենթագիտակցության վրա։ Այդ սոցիոլոգիական հարցումներն անցկացվել էին հիմնականում ռուսական կազմակերպությունների կողմից, եւ մեր կուսակցությանը շատ ցածր տոկոսներ էին տրվում՝ այն դեպքում, երբ ընտրություններից դեռեւս 2 շաբաթ առաջ արված մեկ այլ հարցմամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 4,4 տոկոս ձայն ուներ, այն էլ՝ առանց ռեյտինգային թեկնածուների ձայները հաշվարկելու։

Այդ սոցիոլոգիական հարցումների հեռահար նպատակներն ակնհայտ էին մեզ համար, եւ պարզ էր, թե ինչո՞ւ եւ որտեղի՞ց էր փչում այդ քամին. այդ հարցումները պատվիրողներին ու իրականացնողներին ակնհայտ դուր չէր գալիս այն քաղաքական օրակարգը, որը մենք առաջ էինք տանում։ Մեկ այլ հանգամանք եւս՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում թե՛ հեռարձակվող, թե՛ էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ներով ամենաքիչն է լուսաբանվել, եւ դա մեր սուբյեկտիվ գնահատականը չէ, այլ նույն «Երեւանի մամուլի ակումբի» կատարած հեռարձակվող ԶԼՄ-ի մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ «Ազատ դեմոկրատներին» ամենաքիչն են լուսաբանել՝ մյուս մասնակից կուսակցությունների հետ համեմատությամբ երեք անգամ պակաս։ Արդյո՞ք սա ցուցիչ չէ, այն էլ այն դեպքում, որ այսօր Հայաստանում ամենաշատ ազդեցությունը, որպես քարոզչական միջոց, ունեն հեռուստաընկերությունները։ Բացի այդ՝ քարոզարշավի վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության կողմից երկու անգամ նախաձեռնվեց բանավեճ, որին մասնակից 9 քաղաքական ուժերից մասնակցության համաձայնություն տվել էին միայն «Ազատ դեմոկրատները», ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, մյուսները այդպես էլ խուսափեցին հեռուստաբանավեճից, որն իր ազդեցությունը բնականաբար թողնելու էր քաղաքացիների վրա։

Մեկ այլ՝ մեզ համար անընդունելի խնդրի մասին էլ կնշեմ՝ ի սկզբանե քարոզարշավի հենց առաջին օրը մենք հայտարարեցինք, որ մեր թիրախը գործող իշխանությունն է, եւ մեր քննադատություններն էլ լինելու են ծրագրերի ու գաղափարների շուրջ։ Սակայն ցավալի է, որ մեր մրցակիցներից ոմանք թեկուզեւ ներկայանում էին քաղաքակիրթ պայքարի ջատագով, սակայն քարոզարշավի վերջին օրերին չդիմացան եւ սկսեցին ակնհայտորեն բոլոր հնարավոր միջոցներով հայտարարել եւ քաղաքացիներին կոչ անել ձայն չտալ «Ազատ դեմոկրատներին»՝ նշելով, թե մենք չենք անցնելու, եւ այդ ձայնը կորելու է։ Սա ակնհայտ մանիպուլյացիա էր, այն էլ՝ շատ տգեղ արված։

– Թե ԱՊՀ, թե միջազգային տարբեր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ ընդհանուր առմամբ ընտրությունները լավ էին կազմակերպված, արձանագրված թերություններն էլ արդյունքների վրա ազդեցություն չէին կարող ունենալ: «Ազատ դեմոկրատները» կիսո՞ւմ է այս մոտեցումը:

– Նախ՝ ԱՊՀ դիտորդներն ընտրությունների բարձր մակարդակի մասին խոսում եւ հայտարարում էին դեռեւս ընտրությունները չսկսված, այնպես որ՝ իրենց գնահատականներին չէի ուզի անդրադառնալ։ Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության գնահատականները, որոնք, ի դեպ, դեռ վերջնական չեն, եւ առաջիկայում սպասվում է վերջնական զեկույցը, միանշանակ չէին։ Ավելին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում եւ նաեւ առաքելության ղեկավարները իրենց ելույթներում բարձրացրին ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման եւ ուղղորդված քվեարկությունների խնդիրը՝ նշելով, որ դրանք մտահոգիչ են եւ իրենց ազդեցությունը թողել են ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Մեր գնահատմամբ՝ սա ընտրություն չէր, սա քվեարկություն էր, քանզի ընտրությունն արվում է ծրագրերի, գաղափարների միջեւ, իսկ ապրիլի 2-ին մենք, ցավոք սրտի, ականատես չեղանք ծրագրերի ու տեսլականների միջեւ ընտրության, եւ հետեւաբար արդյունքներն էլ այնպիսին են, ինչպիսին ունենք: Բացի այդ՝ գաղափարական, ծրագրային պայքար չկար նաեւ ամբողջ քարոզարշավի ընթացքում, դրա վկայությունն է նաեւ բանավեճերից խուսափելը։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռեւս ԸՕ փոփոխությունների ժամանակ էր բարձրաձայնում այս խնդիրը, քանզի պարզ էր, որ ընտրական այս համակարգը, որը սահմանում է ռեյտինգային ընտրություններ, պայքարն ու մրցակցությունը քաղաքական դաշտից տանելու էր թաղային հեղինակությունների եւ ռեսուրսների պայքարի դաշտ։ Այս համակարգը նպաստեց, որպեսզի ընտրակաշառքը ու բոլոր հնարավոր լծակների կիրառումը աղավաղեն ընտրություն կոչված չափազանց կարեւոր քաղաքական գործընթացը եւ հանգեցնեն այսպիսի արդյունքների, երբ ձեւավորված խորհրդարանը չի ներկայացնում ՀՀ քաղաքացիների շրջանում առկա տրամադրությունները։ Երբ չկա քաղաքական, ծրագրային պայքար, երբ կա ծայրահեղ աղքատություն եւ հիասթափություն, երբ տարիներ շարունակ վարվել է այնպիսի քաղաքականություն, որն ստեղծել է 10.000 դրամի պահանջարկ, ապա որեւէ տեխնիկական սարքավորում եւ քվեարկած ցուցակների հրապարակում չեն կարող ընտրությունների որակը բարձրացնել։

– Համամի՞տ եք, որ «Ելք» դաշինքն արեւմտամետ թեւն է ներկայացնելու, եւ որ «Ազատ դեմոկրատները» դուրս մնաց մրցապայքարից, քանի որ իբրեւ արեւմտամետ ուժի՝ նախապատվությունը «Ելք»-ին տրվեց:

– ՀՀ-ում գործող ցանկացած կուսակցություն պետք է եւ պարտավոր է ներկայացնել ՀՀ քաղաքացու եւ ՀՀ պետական շահերը, սա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համար հստակ է, եւ ես չգիտեմ, թե մյուս քաղաքական ուժերն ինչպիսի մոտեցում ունեն այդ խնդրի շուրջ եւ չեմ էլ ուզում քննարկել, քանզի դա նրանց որոշելիքն է։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը միշտ շեշտել է, որ արեւմտյան՝ համամարդկային արժեհամակարգի կրողն ենք մենք, ինչպես որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, եւ մենք միշտ նշել ենք, որ արեւմտյան արժեհամակարգն ու այդ արժեհամակարգը կրող Եվրոպական միության հետ ենք կապում ՀՀ զարգացման տեսլականը։ Մեր առաջ քաշած քաղաքական օրակարգն այսօր միակն է ՀՀ քաղաքական դիսկուրսում, եւ որեւէ այլ կուսակցություն չունի այդ օրակարգը, հետեւաբար մրցապայքարից դուրս մնալու մասին էլ խոսք լինել չի կարող՝ մենք միշտ առաջ ենք տանելու այն քաղաքական օրակարգը, որը մեզ համար աներկբա է, ու որի իրագործմամբ է հնարավոր տեսնել ՀՀ զարգացումն ու առաջընթացը։

– Ի դեպ, շատերը «Ելք» դաշինքը համարում են «վերահսկվող ընդդիմություն», եւ խոսակցություններ կան, որ դաշինքը խորհրդարանում հայտնվեց իշխանության հետ փոխհամաձայնության արդյունքում: Ինչո՞ւ «Ազատ դեմոկրատներն» էլ չկարողացավ տեղավորվել այդ փոխհամաձայնությունների մեջ, մանավանդ, որ թե նախընտրական, թե քարոզչական շրջանում նման տեսակետ-հորդորներ հնչեցին: Չե՞ք կարծում, որ «Ելք»-ի հետ միավորվելով՝ երկու հարց կլուծեիք` խորհրդարանում ներկայացված կլինեիք, նաեւ ընդդիմադիր հատվածն առավել ներկայացուցչական կազմ կունենար նոր խորհրդարանում:

– Թե ով ինչպիսի ընդդիմություն է կամ ընդհանրապես ընդդիմություն է, թե ոչ՝ ցույց կտան ժամանակն ու այն քայլերը, որոնք կարվեն կամ չեն արվի այս կամ այն ուժի կողմից։ Ես միշտ նշել եմ, որ քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների քաղաքական պատմությունները պետք է լավ իմանալ եւ միշտ դիտարկել։ Իսկ իշխանությունների կամ ինչ-որ ուժերի հետ գաղտնի փոխհամաձայնության գալու մոտեցումը մեզ համար անընդունելի է: Մյուսների համար՝ չգիտեմ: Ես ինձ կարող եմ թույլ տալ խոսել միմիայն «Ազատ դեմոկրատների» անունից։ Փոխհամաձայնության կարելի է գալ միմիայն ՀՀ քաղաքացիների հետ, եւ հանուն ԱԺ մանդատի քաղաքացու թիկունքում կատարվող ցանկացած պայմանավորվածություն ուշ թե շուտ ջրի երես է դուրս գալու։

Ինչ վերաբերում է միավորումներին, դրան անդրադարձել ենք բազմիցս՝ մեզ համար անընդունելի են հանուն խորհրդարան մուտք գործելու կամ էլ հանուն ինչ-որ այլ նպատակի ստեղծված արհեստական միավորումները, եւ հենց դա էր պատճառը, որ մենք չգնացինք նման միավորումներ ստեղծելու ճանապարհով։ Երբ քաղաքական ուժերի մեջ կան հստակ հակասություններ ծրագրերի եւ մոտեցումների շուրջ, իրենք կարող են, այո, համագործակցել տարբեր խնդիրների շուրջ, ինչպես օրինակ՝ կոռուպցիայի, ընտրախախտումների դեմ պայքարում եւ այլն, ինչին միշտ կողմնակից է եղել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, բայց սկզբունքային հակասությունների պարագայում միասնական քաղաքական օրակարգ ու ծրագիր քաղաքական ուժերը չեն կարող ձեւավորել։ Մեր ծրագրային առաջնահերթություններից են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցնելն ու եվրաինտեգրացիայի ճանապարհով գնալը, ինչի մասին հստակորեն չի նշում նույն «Ելք»-ը կամ մեկ այլ քաղաքական ուժ։ Իսկ սա այն հարցն է, որտեղ հստակությունը ամենակարեւորն է, եւ լղոզված մոտեցումներն էլ անընդունելի։ Կյանքը ցույց տվեց, որ «եւ-եւ»-ի սկզբունքն այս հարցում չի գործում, եւ քաղաքական ուժերն էլ գոնե իրենք իրենց հետ պետք է անկեղծ լինեն ու հստակ ասեն իրենց մոտեցումը արտաքին քաղաքական ուղղվածության այս կարեւոր հարցի շուրջ։ Մենք հստակ ասել ենք եւ շարունակելու ենք առաջ տանել մեր ծրագրերն ու տեսլականը, որը, վստահ ենք, հաղթելու է։

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

14,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930