Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես Զատկի օրը տոն դարձնել

Ապրիլ 15,2017 15:30

Խորհրդային շրջանում մեզ մոտ հաճախ կազմակերպվում էր երգչախմբային արվեստի տոն, հրավիրվում էին միութենական հանրապետություններից կոլեկտիվներ: Հայաստանյան պետական եւ ինքնագործ երգչախմբերին միանում էին նաեւ հրավիրյալներն ու ստադիոնում, որովհետեւ դահլիճները չէին կարող ապահովել միանգամից մի քանի տասնյակ երգչախմբերի ներկայություն, կայանում էր իսկապես երգչախմբային տոն: Հասկանալի պատճառով բաց թողնելով անմշակույթ 1990-ականները, վերջին շրջանում «վերադարձել» է երգչախմբային տոնը, իհարկե՝ ոչ ստադիոնային մասշտաբներով: Օրինակ՝ 9-րդ անգամ մարտի 25-ից մեկնարկած «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի ավարտին, մայիսի 9-ին կայանալիք մրցանակաբաշխությանը, ավանդույթի համաձայն, երգչախմբերի կատարումներին կմիանա նաեւ հանդիսատեսը:

Մասշտաբային ծրագիր է նախատեսված նաեւ ապրիլի 17-ին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Սուրբ Զատկի տոնին նվիրված համերգ: Առաջին անգամ մեր հանդիսատեսին կներկայանա վաղուց ճանաչում գտած Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ակադեմիական մեծ երգչախումբը Բորիս Տարականովի ղեկավարությամբ, ինչպես նաեւ ՌԴ մանկական «Ալ առագաստներ» (ղեկավար՝ Ելենա Վոլոդինա) եւ Մոսկվայի «Կանտիլենա» ակադեմիական (ղեկավար՝ Նատալյա Սվիրինա) երգչախմբերը: Նշյալ կոլեկտիվների հետ բեմում կլինի Երեւանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան)՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) ընկերակցությամբ: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց երգչախմբի ղեկավար Լաուրա Բասենցյանը (լուսանկարում):

«Այս տարի Զատկի տոնը առաքելական, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների տոնացույցով համընկել է եւ մեր երգչախմբի բարեկամներ Գայանե Հայրապետյանի ու Արթուր Գասպարյանի հետ, որոնք ղեկավարում են Actitour կազմակերպությունը, որոշեցինք այն երգչախմբային մեծ տոն դարձնել: Իհարկե, մշակույթի նախարարության եւ մեր գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ»,- տեղեկացրեց Լաուրա Բասենցյանը: Մանրամասնեց, որ կայանալիք համերգին մասնակցելու հրավերն ուղարկել էին Բորիս Տարականովին, իսկ ռուսաստանյան մյուս երկու երգչախմբերը ոգեւորվելով այդ գաղափարից, իրենք էին մասնակցելու ցանկություն հայտնել:


Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ երգչախմբերը հանդես են գալու կոմիտասյան ստեղծագործություններով եւ առաջին անգամ մեզ մոտ կկատարվի Կարլ Ջենկինսի Խաղաղության պատարագը:

Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք Երեւանի պետական կամերային երգչախմբի ընթացիկ համերգաշրջանի ելույթներով: Բասենցյանը փաստեց, որ վերջերս իրենք, Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած երգչախմբերը, ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մեներգիչները հանդես են եկել Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական երգերից կազմված «Երդվում եմ քեզ իմ երկիր» խորագրով երեկոյին՝ նվիրված քառօրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին: Հետո էլ ասաց, թե Երեւանի պետական կամերային երգչախումբը այլ միջոցառումների թվում պատրաստվում է մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» մարզային ծրագրի շրջանակներում մենահամերգներ ունենալ ապրիլի 26-ին Ստեփանակերտում, այնուհետեւ՝ Քաջարանում: Ինչ վերաբերում է հյուրախաղերին, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ հարցը բանակցային փուլում է:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930