Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում լողավազաններն աստիճանաբար կվերագործարկվեն

Ապրիլ 15,2017 14:30

Լողի հայկական դաշնությունը մրցաշրջան 2017-ն սկսեց DDD ակումբում անցկացված «Ուրախ Դելֆին» պատանիների ավանդական միջազգային մրցաշարով, որին մասնակցեցին նաեւ Վրաստանից ժամանած թիմեր:

Այս մրցումներում ի հայտ եկան խոստումնալից պատանի լողորդներ, որոնց համար անհրաժեշտ է ստեղծել մարզումային պատշաճ պայմաններ եւ լրջորեն զբաղվել նրանց հետ, որպեսզի ապագայում արդյունքներ լինեն:

Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս հատկապես այս տարիքային խմբի երեխաների հետ աշխատանքներին եւ մարզաձեւի աշխարհագրությունը հանրապետությունում ընդլայնելուն: Այդ նպատակով նա ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ ձեռնարկել եւ արդեն իրականացնում է մի ծրագիր, որով նախատեսվում է վերագործարկել Երեւանից դուրս գտնվող լքված լողավազանները: Ի դեպ, այս ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող բոլոր հարմարություններով առաջին լողավազանի գործարկումը նախատեսվում է այս տարի, հանրապետության հյուսիսային շրջաններից մեկում:

Խոսելով Լողի հայկական դաշնության այս տարվա պլանների մասին՝ Հովսեփ Մեսրոպյանն «Առավոտ» օրաթերթին ասաց, որ ապրիլի 27-ից 29-ը «Գրանդ Սպորտի» լողավազանում անցկացվելու է լողի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կորոշվի, թե Եվրոպայի եւ աշխարհի բոլոր տարիքային խմբերի առաջնություններին ովքեր կմասնակցեն: Այս տարի մեր լողորդներից միջազգային մեկնարկներում սպասելիքներն ավելի մեծ են, քան նրանք գրանցել էին անցած տարի: Միջազգային մեկնարկներին հաջող նախապատրաստվելու նպատակով Լողի հայկական դաշնությունը դրանցից առաջ պլանավորում է ուսումնամարզական հավաքներ կազմակերպել հավաքականների համար:
Հայաստանում առկա մարզաձեւի հետ կապված խնդիրները Հովսեփ Մեսրոպյանը լողի մյուս նվիրյալների հետ կարողանում է լուծել սեփականատերերի հետ բանկցությունների եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով: Մասնավորապես, նույն «Գրանդ Սպորտ» ակումբը իր 50 մետրանոց լողավազանը սիրով տրամադրում է միջազգային ասպարեզներում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հավաքական թիմերին:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

14,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930