Իբրեւ նախաբան ասենք, որ Հովհաննես Գլակը ոչ միայն որպես բանաստեղծ է հայտնի, այլեւ դրամատուրգ, նկարիչ, ռեժիսոր: Ավելին, «Ես՝ Արգիշտիս» պատմական դրաման նրա դրամատուրգիական արժանիքների հավաստիքը եղավ:
Օրերս Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի դպրոցի դահլիճում կայացավ դպրոցի նախկին շրջանավարտ Հ. Գլակի հետմահու հրատարակված «Ես՝ Արգիշտիս» պատմական դրամայի շնորհանդեսը: Այն մի յուրօրինակ հոգեւոր կամուրջ էր Կոտայքի մարզի Բուժական, Զովունի, Սարալանջ, Արտամետ գյուղական համայնքների դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սաների համար:
Իրենց սրտի խոսքն էին բերել նաեւ մարզպետարանի ներկայացուցիչ Արմինե Ադամյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, գրող-բնապահպան Սուրեն Հայրապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը, վաստակաշատ դերասան Սամվել Ղազարյանը, բանաստեղծի սերնդակիցները, ընկերները, մշակույթի եւ կրթության գործիչներ:
Կարդացեք նաև
Մեծարանքի հուշ-ցերեկույթը Տերունական աղոթքով բացեց տեր Կորյունը: Ապա հնչեց Հանրային ռադիոյի նախկին խմբագիր Հ. Գլակի «Ես՝ Արգիշտիս» դրամայի ռադիոբեմադրությունից մի հատված (բեմադրությունը՝ Վաչագան Փահլեւանյանի):
Գրքի առաջաբանի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը իր ողջույնի խոսքում նշեց՝ գրքի հրատարակման գործում հեղինակի հանդեպ զգացել եմ նրա քրոջ՝ Էմմայի, ընկերների սերն ու ջերմ վերաբերմունքը: Նաեւ ընդգծեց՝ երկը նախնական տքնաջան աշխատանքի արդյունք է: Աչքի է ընկնում թեւավոր մտքերի առատությամբ: Հեղինակի համար ամենեւին էլ հեշտ չի եղել մեր թվարկությունից առաջ պատմական դեպքերն ու անցքերը ներկայացնելը:
Դպրոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը գորովանքով արտահայտվեց իրենց դպրոցի նախկին շրջանավարտի մարդկային գծերի, շնորհների, հայրենի գյուղին նվիրված «Մրգաշեն» բանաստեղծության մասին:
Այնուհետեւ դպրոցականներն ասմունքեցին սիրելի բանաստեղծի ստեղծագործություններից, իսկ սերնդակիցները, ընկերները զվարճալի դեպքեր պատմեցին նրա կյանքից:
Դահլիճը խանդավառությամբ ընդունեց Զովունու դպրոցի ուսուցչուհի Նարինե Թարխանյանի՝ Գլակի տեքստով գրված «Գայանե» երգը:
Ցերեկույթը եզրափակեց դպրոցի սաների ուժերով բեմադրված «Ես՝ Արգիշտիս» պատմական դրամայից եւս մի հատված:
ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ
Հ. Գ. Հովհ. Գլակի «Ես՝ Արգիշտիս» չափածո պատմական դրաման նվիրված է Էրեբունի ամրոց-բերդաքաղաքի հիմնադրմանը:
Այն 1983թ. «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում արժանացել է գրական մրցանակի:
Գիրքը հրատարակվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեկենասությամբ:
«Առավոտ»
14,04.2017