Ապրիլի 13-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մայր Տաճարում, հավարտ Առավոտյան ժամերգության, կատարվեց Ապաշխարողաց կարգ, իսկ այնուհետև տեղի ունեցավ Միջօրեի ժամերգություն:
Ժամերգության ավարտին Միածնաէջ տաճարում ձեռամբ Մայր Աթոռի «էջմիածին» ամսագրի խմբագրության աշխատակից Արժանապատիվ Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման:
Ս. Պատարագի ընթացքում ընթերցվեց Ս. Բարսեղ Կեսարացու ճառը Ս. Հաղորդությունից առաջ:
Կարդացեք նաև
Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի արարողությունը, որի ընթացքում Մայր Աթոռի միաբանների կողմից ընթերցվեցին օրվա սուրբգրային հատվածներն ու ԺԳ դարի նշանավոր վարդապետ Հովհաննես Երզնկացի Պլուզի սիրո մասին խրատը:
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո շարականների երգեցողության ներքո, Հիսուս Քրիստոսի օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:
Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, զինվորներ, Մայր Աթոռի «Էօռնեկեան» և այլ հանրակրթական դպրոցների աշակերտներ ու մանուկներ:
Արարողության վերջում օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Ուշ երեկոյան, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Խավարման կարգը, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ