Ապրիլի 14-ին Իսահակյան գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Արշակ Չոպանյանի 145-ամյակին:
«Պատկերացնելու համար Չոպանյանի գործունեության ահռելիությունը մի այսպիսի համեմատություն անենք. ակադեմիական մի ինստիտուտ 150 տարում կկարողանար անել այն, ինչ արել է Չոպանյանը իր կյանքի ընթացքում: Նա շատ լավ էր հասկանում օտար հողում ապրող հայ գրողի հոգսը և անում էր ամեն ինչ, որ այդ գրողը ստվերում չմնա»,-նշում է բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը:
Չոպանյանը գրել է մի շարք բանաստեղծություններ, բայց որպես բանաստեղծ հայտնի չէ: «Ադամի վիշտը սերտ աղերսներ ունի սեփական կենսագրության հետ, քանի որ Չոպանյանը որբ է եղել մոր կողմից և ամբողջ կյանքում ընտանիք չի ունեցել: «Այս հանգամանքը ազդեցություն է թողել նրա ամբողջ կյանքի վրա: Չոպանյանը իրեն նմանեցնում էր Ադամին, որովհետև Ադամն էլ մայր չուներ»,-պարզաբանում է բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Բալայանը:
Արշակ Չոպանյանը միշտ նշում էր, որ մենք ստեղծում ենք մեզ համար, իսկ աշխարհը դրանից անտեղյակ է: Դրա համար հայ գրողը պիտի լինի հայ գրականության մշակ՝ առանց առանձնացնելու խորհրդային գրող, սփյուռքահայ, արևմտահայ և այլ մասնատումներ:
«Նա պայքարում էր, որ հայ գրականությունը միասնական լինի, քանի որ մասնատվելով մենք փոշիանում ենք: Նրանից խոսելիս պարզապես չենք կարող շրջանցել «Անահիտը», որի էջերում տպագրվել են ինչպես սփյուռքահայ, այնպես էլ խորհրդային հեղինակներ»:
Ֆրանսահայ գրող, քննադատ, քաղաքական գործիչ Արշակ Չոպանյանի գործունեության ոլորտները բազմազան են: Նա առավել հայտնի է իր հրապարակախոսական թարգմանական և գիտական աշխատանքներով և համարվում է հայ գրականության դեսպանը արտասահմանում:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ