Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրատեսիլի հավակնորդը նոր կրոն է ստեղծել. (Տեսանյութ)

Ապրիլ 14,2017 18:50

Քաղաքացի Խաչիկ Ասլանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Դեպի Եվրատեսիլ» ստեղծագործական խմբի, Հանրային հեռուստաընկերության եւ ՀՀ կառավարության: Ասլանյանն, ըստ հայցի, պահանջում է 61.500 դոլարին համարժեք դրամ՝ վնասի փոխհատուցում:

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին նիստն էր, որի ընթացքում Ասլանյանը միջնորդություն ներկայացրեց՝ 61.500 հազար դոլարի փոխհատուցման գումար հայցագինը նվազեցնել և, ըստ այդմ, պահանջել 12 հազար դոլար: Սա դատարանում Ասլանյանը բացատրեց այն հանգամանքով, թե Եվրատեսիլի մրցույթի նախապատրաստական աշխատանքներում հայտնի մարդիկ են ներգրավված եղել, եւ նրանք չեն ցանկանում դատական գործընթացներում երեւալ:

Միջնորդությունը գրավոր չէր ներկայացված, Ասլանյանն ասաց՝ չի իմացել, որ այսօր դատաքննության փուլն է, եւ կարծել է, թե դեռ ժամանակ ունի հայցադիմումը փոփոխելու: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը, թեև բավարարեց միջնորդությունը, բայց նաեւ նշեց, որ 4 ամիս առաջ է նիստի օրը նշանակված եղել, եւ հայցով պատշաճ ծանուցվել էր, որ դատաքննության փուլն է, ուստի հայցվորն անբարեխղճություն է թույլ տվել: Նիստը հետաձգվեց հուլիսի 22-ին, ժամը 16:00-ին:

Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2016-ի հուլիս ամսին հայտով դիմել էր «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու համար.«Լրացրել էի հայտը,  իրենց պայմաններին բավարարել էի, ու իդենտիֆիկացիոն համար ենք ստացել: Հետո հաշվի առնելով, որ թույլ են տվել մասնակցելու՝ սկսել եք նախապատրաստական աշխատանքները՝  մոտ 12 հազար դոլարի ծախս ենք արել՝ բեմական հագուստների դիզայներական աշխատանքներ պատվիրել, հատուկ դիզայնով դաշնամուր ենք պատվիրել»:

Ասլանյանի պատմելով՝ մրցույթի կազմակերպիչները հետագայում չեն էլ հրավիրել երգի կատարումը լսելու. «Նամակ ստացա, թե պարոն Ասլանյան շնորհակալություն, դուք դուրս եք մնացել քննարկումների թեժ փուլից՝ անցողիկ խմբից: Կարող եք հաջորդ տարի մասնակցել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պատասխանող կողմի՝ ՀՀ կառավարության եւ Հանրային հեռուստատեսության շահերը դատարանում ներկայացնող իրավաբանները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ Ասլանյանի հայցն անհիմն է: Հ1-ի իրավաբան Իրինա Դանիելյանի խոսքերով՝  «Հանրային հեռուստաընկերությունը որեւէ երաշխիք կամ խոստում առ այն, որ նա անցնելու է մրցույթը, չի ստանձնել: Ասլանյանը ծախսերն իր կամքով եւ ռիսկով է արել, եւ չի էլ կարող ապացուցել, որ մրցույթին մասնակցելու համար է արել»:

Մինչդեռ  Խաչիկ Ասլանյանը գտնում է  իր երգն ու խումբը Եվրատեսիլին մասնակցելու ավելի  արժանի է, քան ներկայիս ընտրված մասնակիցն ու երգը:

Եվրատեսիլի մրցույթին հավակնորդ Ասլանյանի ստեղծած խումբը կոչվում է «Նոյի հանրապետություն» իսկ երգը՝ «Նոյն ու աշխարհի կեսը»:

Մանրամասն՝ տեսանյութում

«5 աղջիկ են ու ես՝ դաշնակահար: Մասնակիցների մեջ կա Նոյի աղավնին, հաջորդ մասնակցի հագուստը «կալա» ծաղիկի սիմվոլիկան է: Մյուսը՝ ձուն է, դա մեր հորինած նոր կրոնն է՝ Նոյիզմն է խորհրդանշում: Մենք քարոզելու ենք մեր կրոնը, մյուս մասնակիցը՝ Արարատ լեռն է՝ Նոյի տապանով»,-պատմեց Ասլանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Խաչիկ Ասլանյանը դատարանում ասաց, որ ինքը ներկայումս բաց կալանքում է գտնվում, եւ քրեակատարողական հիմնարկից փաստաթուղթ էր ներկայացրել: Բացի այս, Ասլանյանը, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց, ներկայումս 16 հայցապահանջներ ունի՝ տարբեր գործերով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930