ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում կինոռեժիսոր, «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանի հետ:
Արշակ Զաքարյանը ապրիլյան իրադարձություների հենց սկզբից եղել է Արցախում և լուսաբանել առաջնագծում տեղի ունեցող մարտական գործողությունների ընթացքը:Նրա Արցախ մեկնումը սկսվել է մեկ բառից. «Ինձ զանգեցին Արցախից ու մի բառ ասեցին «սկսեց», և մենք կենտրոնացնելով մեր ուժերը մեկնեցինք դիրքեր, եղել ենք հենց առաջին ջոկատի կազմում »:
Արշակ Զաքարյանը թշնամու համար մեկ զենքը համարում է ապատեղեկատվությունը, որը նրանք օգտագործում են տեղեկատվական պատերազմում, իսկ դրա դեմ պայքարելու համար շատ կարևոր է ժամանակին և գրագետ ձևով տեղեկատվություն մատուցել, քանի որ խուճապը մեր գլխավոր թշնամին է:
Բայց այն տեսակետի վերաբերյալ, որ ժողովուրդը իրավունք ունի անմիջապես մարտի դաշտից մանրամասն տեղեկություններ ստանալու, նշեց. «Դա նշանակում է, որ հակառակորդին ոչ մի հետախուզություն անել պետք չէ, քանի որ մենք ինքներս տալիս ենք տեղեկություններ, դժվար է բացատրել, որ պատերազմի դեպքում հնարավոր է նաև սուտ ասվի, որովհետև այն ինչ հասարակությունն է ուզում կարդալ, կարդում է նաև թշնամին»:
Կարդացեք նաև
Այս իրավիճակը՝ ըստ Արշակ Զաքարյանի, լրագրողին դնում է այսպես ասած երկու քարի արանքում, մի կողմից չպետք է տրվի սուտ տեղեկատվություն, մյուս կողմից տալ այնպիսի տեղեկություններ, որոնցից թշնամին օգուտներ չունենա: Երկու դեպքում էլ մեծ զգուշություն է պահանջվում, քանի որ տեղեկատվական պատերազմը ևս որոշիչ կարող է լինել:
Կինոռեժիսորը մի փոքր խոսեց մեր զինվորների սխրանքներից, որոնց մասին նաև ֆիլմ է նկարվել. «Ֆիլմում, զինվորներից Նարեկը, ով հենց սկզբից եղել է պայքարողների կազմում, կպատմի, թե ինչպես 12 ժամ շարունակ դիրքը չի ընկել, այսինքն` այն ստեղծված տպավորությունը, որ թշնամին հեշտությամբ եկել ու մտել է մեր դիրքեր, այնքան էլ այդպես չէ»:
«Հաց բերող, որ ասում ենք, շատ հաց բերողներ ունենք»,- այսպես է նկարագրում այն վարորդին, որը զինվորներին հաց էր մատակարարում, և որը սպանվում է Թալիշ ներթափանցած դիվերսանտների կողմից:
Արշակ Զաքարյանը խոսեց հրամանատարական կազմի, ինչպես նաև փորձառու մարդկանց ճիշտ և արդյունավետ աշխատանքի մասին. «Թալիշ գնալու ճանապարհին մտանք Ակնա, բունկերում մի մարդ, ֆիդայինների հին շորեր հագած, գլխարկը թեք դրած գումարտակի հրամանատարին ասում էր, թե որ մասերը կրակի, մենք բոլորս բարկացել էինք, քանի որ այդ հատվածներում հակառակորդներ չկային, այդ ժամանակ նա շրջվեց և ասաց, որ ինձ թեյ տան, ես հետո իմացա, որ նա Արցախի հերոս՝ Վիտալի Բալասանյանն էր, և որ դա հատուկ մարտավարություն էր»,- պատմում է կինոռեժիսորը:
Վերջում ուսանողները հնարավորություն ունեցան դիտել Արցախյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան:
Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ