ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ընտրախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, այդ թվում` հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր, մասնավորապես Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին հետաքրքրվել է 2017թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների և դրանց առնչվող նյութերի ու քրեական գործերի նախաքննության ընթացքից:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում ընտրախախտումների վերաբերյալ ներկայում քննվող քրեական գործերն ու նախապատրաստվող նյութերը վերաբերում են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների և դիտորդների աշխատանքները խոչընդոտելու դեպքերին:
Պյոտր Սվիտալսկին նաև կարևորել է հասարակության շրջանում իրավապահ համակարգի նկատմամբ վստահության ձևավորումն ու ամրապնդումը` միաժամանակ նշելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է իր օգնությունն ու աջակցությունը ցուցաբերել այդ հարցում: Վահրամ Շահինյանն էլ փաստել է, որ Հատուկ քննչական ծառայության գործունեության թափանցիկության և վստահության ամրապնդման նպատակով` ծառայության ղեկավարության կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվում քննչական կառույցի աշխատանքի արդյունքները հանրությանն առավել ընդգրկուն և օպերատիվ ներկայացնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ հատուկ քննչական ծառայություն