Ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Հայկական տուն» նախագծերի կատալոգի շնորհանդեսը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը շնորհանդեսի սկզբում ներկայացրեց Միրզոյան քառյակին. «Հանդիպումն սկսենք երաժշտությամբ, քանի որ ճարտարապետությունը քարացած երաժշտությունն է»:
«Հայկական տուն» նախագծերի շարքը միտված է հայկական տարբեր վայրերի ավանդույթներին ու տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների նախագծեր ներկայացնել, որի իրագործումը կնպաստի «հայկական գյուղ» գաղափարի նյութականացմանը:
Կարդացեք նաև
«Դեռևս միջնադարում մենք հրաշալի ավանդույթներ ենք ունեցել: Մասնավորապես Անի քաղաքի ճարտարապետությունը, որը նկարագրել է Թորոմանյանը: Մեզ են հասել որոշ եկեղեցիներ, որը անխնա չէին ավերում՝ վախենալով ժողովրդի արձագանքից, իսկ մասնավոր տների օրինակներ մեզ գրեթե չեն հասել»,-նշում է Անուշ Տեր-Մինասյանը:
Այս նախագծի նպատակը Հայաստանի բնակավայրերի ուսումնասիրությունն է՝ ճարտարապետ ուսանողների ներգրավմամբ: Եվ քանի որ յուրաքանչյուր ժողովրդի կենցաղային կլիմայական և մշակութային առանձնահատկություններն են պայմանավորում ժողովրդական տան ոճը, սա նաև խթան է զբոսաշրջության զարգացման համար:
Ծրագիրն իրականացել է «Մոնարխ» ընկերության հովանավորությամբ, որի նախագահն է Սերգեյ Համբարձյումյանը: «Սերգեյ Համբարձումյանը Նարեկ Սարգսյանի հետ (ՀՀ վաստակավոր ճարտարապետ) այցելեցին Ճարտարապետական համալսարան: Համբարձումյանը ասաց, որ աշխարհի տարբեր վայրերում տեսել է ինքնատիպ տներ, իսկ մեր ավաններում և գյուղերում դրանք ընդհանրապես բացակայում են: Նրա ներկայացրած գաղափարը բոլորին դուր եկավ: Եվ հենց նրա հովանավորությամբ՝ ընդամենը մեկուկես տարի անց սեղանին է այս կատալոգը»,-ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
«Գուցե մեր ուսանողների նախագծերը իրականցման տեսանկյունից կատարյալ չեն, բայց զգում ենք դրանց երիտասարդական շունչը: Նրանք փորձել են ստեղծել նոր 21-րդ դարի տեխնոլոգիաներին բնորոշ նախագծեր՝ հիմնվելով ազգային ավանդույթների վրա»:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ