Դիտորդների՝ բողոք ներկայացնելու համար կան մի շարք օրենսդրական խոչընդոտներ:
«Մեդիա կենտրոնում» «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ են ներկայացրել 50 բողոք 17 տարածքային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ:
Դառնալով խոչընդոտներին` Լուսինե Հակոբյանն ասաց. «Մենք մի ամբողջ գիշեր չքնելով` կարողացանք այդ բողոքները ներկայացնել ԿԸՀ: ԿԸՀ-ն հայտարարում էր, թե չի կարող մեր բողոքներն ընդունել, քանի որ ոչ աշխատանքային օր է, բայց այդ օրը նիստ գումարեց»:
Շարունակելով թվարկել խոչընդոտների շարքը` Լուսինե Հակոբյանն ասաց. «Խոչընդոտներից մեկն այն է, որ բողոք հնարավոր չէ ուղարկել փոստով, կամ բողոքներ կարելի է ներկայացնել ընտրությունների օրը մինչև 22.00, հաջորդ օրը 12.00-18.00, երրորդ օրը` 09.-11.00-ն: Սա նշանակում է, որ համարյա ոչ մի բողոք հնարավոր չէ ներկայացնել առաջին օրը: Դիտորդների վկայականների պատճենները կցելու պարտադիր պահանջն էլ իսկապես մղձավանջ է ստեղծել, ունեինք 3000 դիտորդ, և այդ մարդկանց վկայականների պատճենները կցելն ամեն բողոքի հետ ժամանակատար ու լուրջ խնդիր էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿԸՀ-ն ունի և՛ կազմակերպությունների, և՛ դիտորդների ցուցակը: Մենք չկարողացանք առաջին օրը բողոք ներկայացնել: Տարածքային հանձնաժողովներից օրեր է պահանջվել այդ բողոքները քննության առնելու համար: Տարածքային հանձնաժողովները մատնված են եղել անգործության, նիստեր չեն գումարել: Նրանք նստած սպասել են, թե երբ ԿԸՀ-ն բողոքների պատասխանների շաբլոններ կգրի, կբաժանի, որ սկսեն ամսի 6-7-ին նիստեր գումարել և դրանք ընթերցել»:
Կարդացեք նաև
Տիկին Հակոբյանը դժգոհեց, թե իրենց մեկ կամ կես ժամ առաջ էին ծանուցում, թե նիստ են գումարում` հույս ունենալով, որ իրենց իրավաբանները չեն հասցնի ներկա լինել այդ նիստերին»:
Լուսինե Հակոբյանը նշեց. «Փաստում ենք, որ տարածքային հանձնաժողովները գործում են որպես ԿԸՀ տարածքային մասնաճյուղեր»:
Դառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այն դիտարկմանը, թե խախտումները լուրջ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, Լուսինե Հակոբյանն ասաց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երկու հարյուրից ավելի դիտորդներ ուներ, որոնք 10 րոպե գտնվում էին տեղամասում, իսկ այդպես հնարավոր չէ հասկանալ ընտրությունների պատկերը. «Ես էլ թարգմանիչ եմ եղել նման մի դիտորդական առաքելության, որի վարորդը դատախազությունից էր և տեղեկություններ էր հաղորդում, և երբ հասնում էինք տեղամաս, արդեն ամեն ինչ հրաշալի էր»:
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամ, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը վստահեցրեց, եթե իշխանությունը լիներ ժողովրդից, և պատշաճ հետաքննություն լիներ, ապա պարզ կլիներ, որ ընտրություն տեղի չի ունեցել, այլ մարդկանց կամարտահայտման վրա լրջագույն ճնշումներ են եղել. «Գոնե վերջին 5 տարիների ընթացքում ժողովրդի կամքը մշակվել է զարհուրելի գործիքներով՝ վարչական ռեսուրսների օգտագործում, իրենց ենթակա մեդիաներ և ընտրակաշառքներ»:
Այս առիթով նա օրինակ բերեց ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) ձայների հավաքման մասին ձայնագրությունը, ու վրդովվեց. «ՍԱՍ-ի Արտակի դեպքը մի պատառիկն է ողջ համակարգի: Ես չեմ կարծում, թե որևէ մեկը ծափահարողների գլխին զենք էր դեմ տվել, որ ծափ տային, բայց ծափ տալիս էին: Մարդը, որ խոստանում է ընտրակաշառք, Փարիզի ուղեգիր, կարող է ասել, թե տվյալ մարդն իր կամքով եկել նստել, ծափ է տվել: Իսկ մենք համարում ենք, որ այդ կամքը լրջորեն բռնաբարվել է»:
Լուսինե Հակոբյանի համոզմամբ` Կոնգրես-ՀԺԿ-ի` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու բողոքը հաջողություն կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ). «Այդ վճիռը լծակ կլինի Եվրամիության ձեռքին, ինչն անցանկալի է ՀՀ իշխանությունների համար, քանի որ դրանք ի ցույց են դնում այն, որ ՀՀ-ն չի կարողանում ինքնուրույն գնալ ժողովրդավարության: Եթե Կոնգրես-ՀԺԿ-ի հայցը ՄԻԵԴ-ը բավարարի, ապա որպես վնասի փոխհատուցում հնարավոր է մեծ գումարների մասին խոսք լինի»:
Լուսինե Հակոբյանը հայտնեց, թե նախադեպեր կան, որ ՀՀ իշխանությունները ՄԻԵԴ-ի դատավճիռներից հետո հաշիվները ներկայացնում է այն դատավորներին, որոնց կայացրած որոշման պատճառով է Եվրադատարանը նման որոշում կայացրել ու նշեց. «Այնպես որ, եթե Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ այսօր իրեն ասում են, թե այդ որոշումը ընդունի, վաղը քեզ վրա հետևանք չի ունենալու, վաղը հենց ինքն էլ իր գրպանից վճարելու է, ուստի իզուր է հլու հնազանդ կատարում այդ հրամանները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի