Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Նաիրիտի գործով» հերթական նիստն էր: Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի մի շարք նախկին աշխատակիցներ դատարանով փորձում են հետ ստանալ տարիների ընթացքում պարտք մնացած աշխատավարձերի տոկոսները: «Նաիրիտ 2-ը» նրանց պարտք մնացած աշխատավարձերը վճարել է պայմանով, որ տույժ-տուգանքների գումարները չեն ուզի, սակայն այսօր նաիրիտցիները գտնում են, որ անօրինական են վարվել իրենց հետ եւ վիճարկում են պայմանագրերի այն կետը, համաձայն որի՝ հրաժարվել են աշխատավարձերի ուշացման հետեւանքով գոյացած տոկոսներից:
Դատարան եկած նաիրիտցիները դժգոհեցին, որ նիստերն անընդհատ հետաձգվում են: Նորիկ Ղահրամանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նամակ եմ գրել Հնդկաստանի կառավարությանը՝ խնդրելով Չակորին մի երկու ամսով ուղարկել Հայաստան, որ մեր հետ պայքարի մեր տոկոսների եւ աշխատանքի համար…պատասխանել են, որ ՀՀ-ում նման խարդախություն է կատարվում»:
Կարդացեք նաև
Ապա նաիրիտցին ասաց, որ կատակում է. առանց հումորի այս գործից գլուխ չեն բերի:
Նիստի ընթացքում նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը միջնորդությամբ պահանջեց դատավոր Նաիրա Հովսեփյանի ինքնաբացարկը, քանի որ ըստ փաստաբանի՝ հայցվորներն ու նիստին ներկաները նրան չեն ընկալում որպես օրինապահ եւ անաչառ դատավոր:
Հավելենք, որ դատարանը նշյալ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր երեկոյան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ