Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. «Կուսակցականացված ավագանին չի կարող ազատ կամքի արտահայտողը լինել»

Ապրիլ 14,2017 16:40

Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին եւ շրջանառվող այն կարծիքին, արդյոք պարտադի՞ր է, որ Երեւանի քաղաքապետը երեւանցի լինի, նշեց. «18 տարի գիշեր-ցերեկ Երեւանի համար եմ աշխատել` գլխավոր նկարիչ եղած ժամանակ: Բոլոր խոսակցությունները մեր չկայացած իրականության արդյունք են, Երեւանին ու հայրենիքին ծառայելու համար պարտադիր չէ Երեւանում ծնված լինել, պետք է հոգեւոր արժեքներդ երեւանյան լինեն, մայրաքաղաքային մտածողություն ունենաս: Ես ծնված, մեծացած լինելով Երեւանի կենտրոնում`անգամ վերապահումով եմ ինձ երեւանցի համարում, որովհետեւ տեսել եմ իրական տոհմիկ երեւանցիների: Նրանք առանձնահատուկ պարզ, նվիրյալ եւ ոչ կարիերիստ մարդիկ էին…Որպեսզի երեւանցի լինես, պետք է լինես Հասրաթյանի, Աղաբաբյանի նման, որոնք Երեւանի քաղաքապետ եղան»:

Հաղթանակ Շահումյանը նաեւ հավելում է. «Հիմա էլ հրաշալի մարդիկ են իրենց թեկնածությունը դրել, բայց ինչքանո՞վ են իրենք անկախ կարծիք արտահայտելու առումով: Ավագանու կանոնադրությունը կարդացի, եւ մարմնովս դող անցավ: Մտածեցի` եթե ինձ առաջարկեին, կհամարձակվեի՞ նման պատասխանատվություն վերցնել, որովհետեւ ավագանին այնքա՜ն իրավունքներ ունի: Ցավոք, ավագանու ակտիվությունը մինչեւ հիմա չենք տեսել…Մարդ կա, որ ասում է, թե իբր արվեստի մարդիկ պետք է հեռու լինեն: Արվեստի մարդիկ պետք է քաղաքականությունից հեռու լինեն, բայց ոչ երկրի կյանքից ու առօրյայից: Ընդհակառակը, իրենք պետք է միշտ մասնակից լինեն, որ փորձեն ներազդել իրենց հեղինակությամբ ու հարգանքով, եթե ինչ-որ բան տեղում չէ:

Իմ համոզմամբ, ավագանու իրավունքների եւ ընտրական կարգի միջեւ հակասություն կա, որովհետեւ կուսակցականացված ավագանին չի կարող անկախ լինել, ազատ կամքի արտահայտողը լինել` ի վերջո պետք է կուսակցության շահերը պաշտպանի: Ես չգիտեմ, արդյոք կգտնվե՞ն մարդիկ, որ այնքան հզոր կլինեն ու վեր կկանգնեն այդ ամենից: Մեր իրականությունն այնպիսին է, որ խեղված են ամենաբարձր պաշտոնյայի իրավունքները: Ավագանին պետք է սատարը լինի քաղաքապետարանի աշխատակազմից մինչեւ Երեւանի քաղաքապետ, որովհետեւ բաներ կան, որ քաղաքապետը չի կարողանա մարդկային առումով մերժել սրան-նրան, բայց ավագանին պետք է նման պայմաններում աջակիցը լինել քաղաքապետին»:

Արվեստագետի ձեւակերպմամբ, այժմ քաղաքում ստեղծվել է մի վիճակ, երբ «մի ձեռքը չգիտի, թե մյուս ձեռքն ինչով է զբաղված»:

Հաղթանակ Շահումյանը նաեւ հիշում է. «Իմ ժամանակ Ջիմ Թորոսյանն է եղել գլխավոր ճարտարապետը, ավելի կարճ ժամանակ աշխատել եմ նաեւ Գուրգեն Մուշեղյանի հետ: Ջիմի ժամանակ քաղաքի ճարտարապետն այնքա~ն հեղինակություն ուներ, որ Կենտկոմի քարտուղարներն ամեն ինչ իր կարծիքով էին ղեկավարում ու հրահանգներ տալիս, դա շատ զիլ բան էր: Հասրաթյանը, Աղաբաբյանը ժողովրդի հիշողության մեջ մնացել են որպես լավ քաղաքապետեր, նրանք ճարտարապետներ էին, չէ՞…Բացի այդ, այն ժամանակ Թամանյանն էլ մեծ հարգանք ուներ, այսօրվա նման չէ, որ ոմանք ասում են Թամանյանն ո՞վ է..Այդպես, որ գնա՝ Չարենցին էլ կարելի է փնովել, Թումանյանին, վաղը մյուս օր Նարեկացուն էլ ոտքի տակ տան…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930