Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անցած տարվա ապրիլյան պատերազմական իրադարձությունները կասեցրին Բերձորի մասնակցությունը օլիմպիադային

Ապրիլ 14,2017 15:44

Վահան Թեքեյանի անվան 4 հանրակրթական դպրոց կա Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում, Գյումրիում, Ստեփանավանում, Կարբի գյուղում, իսկ հինգերորդն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի թիվ 1 միջնակարգն է:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամն արդեն 7-րդ անգամ է, ինչ կազմակերպում է Թեքեյանական օլիմպիադա հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, անգլերեն առարկաներից: Մրցույթին մասնակցում են Թեքեյանի անունը կրող կրթօջախների 8-րդ դասարանների աշակերտները՝ յուրաքանչյուր դպրոցից՝ 12 հոգի:

Բացի օլիմպիադայից, թեքեյանականները կազմակերպել և անցկացրել են ասմունքի մրցույթներ, ամռանը՝ ճամբարներ նույն կրթօջախների աշակերտների համար: Այս միջոցառումները հնարավորություն են տվել, որ տարբեր բնակավայրերի դպրոցների աշակերտները ճանաչեն միմյանց, ընկերանան, բարեկամանան:

Այս տարի առարկայական օլիմպիադան կայացավ ապրիլի 12-ին Թեքեյան կենտրոնում: Առավոտյան նշված բոլոր դպրոցների՝ օլիմպիադային մասնակցող աշակերտները կենտրոնում էին: Անցած տարիներին ճամբարներում մտերմացածները ողջագուրվում էին, հիշում այդ օրերը:

Այնուհետև տեղավորվեցին դահլիճում, որտեղ կենտրոնի աշխատակից Սեդա Խաչատրյանը ներկայացրեց օլիմպիադայի կանոնակարգը, հանձնախմբին և մասնակիցներին մաղթեց հաջողություն: Յուրաքանչյուր առարկայից մասնակցում էր 21 աշակերտ: Բացի թեքեյանականներից, օլիմպիադային մասնակցում էին 3 սիրիահայ աշակերտներ, ովքեր արդեն սովորում են երևանյան դպրոցներում: 1 ու կես ժամ անց աշակերտներն ավարտեցին աշխատանքները:

Բոլորին հատկացվեցին մասնագիտական գրքեր՝ «Զանգակ» հրատարակչության նվիրատվությունը: Հիմնադրամը հոգացել էր նաև երեխաների սննդի, տեղափոխման և թատրոն այցելելու ծախսերը:

Պատանի հանդիսատեսի թատրոնում դիտեցին «Քաջ Նազար» կատակերգությունը: Երեկոյան «Թեքեյան կենտրոն»-ում հայտարարվեց մրցույթի արդյունքները: Մինչ այդ՝ ներկաներին ելույթով ողջունեցին Կարբիի դպրոցի սաները:

Հանդեսը նվիրվեց Հայոց բանակի 25-ամյա տարեդարձին: Ելույթից հետո կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը շնորհավորեց օլիմպիադային մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Կարբիի դպրոցի աշակերտներին տպավորիչ ելույթի համար՝ հույս հայտնելով, որ ելույթ ունեցողները, հատկապես տղաները, տարիներ անց կհամալրեն Հայոց բանակի սպայական կազմը: Ա. Ծուլիկյանն օլիմպիադայի կայացման գործում կարևոր համարեց մասնագիտական հանձնաժողովների դերը: Մրցույթի արդյունքները հայտարարեցին հանձնաժողովների նախագահները և հաղթողներին հանձնեցին պատվոգրեր, գովասանագրեր ու հուշանվերներ: Բերձորի դպրոցից 2 աշակերտ՝ Նարե Հովսեփյանը և Գայանե Ըռքոյանը, արժանացան գովասանագրի դրսևորած առաջադիմության համար, իսկ Ռուզաննա Հովակիմյանը՝ առաջին մրցանակի: Մաթեմատիկայից առաջին մրցանակի արժանացավ Կարբիի դպրոցի աշակերտ Պարիս Բաղդասարյանը, իսկ անգլերենից՝ Գևորգ Թումաղյանը՝ Երևանից: Առաջին տեղի մրցանակները հանձնեց Ա. Ծուլիկյանը ով կարևորեց Թեքեյանի անվ. դպրոցների կապը կենտրոնի հետ՝ առանձնակի գոհունակություն հայտնելով Բերձորի թիվ 1 միջնակարգի անձնակազմից, տնօրինությունից, որ ձեռնարկում են հայրենանվեր գործունեություն և մշտապես համագործակցում են Կենտրոնի հետ: Ներկաներին ողջունեց, հաղթողներին շնորհավորեց ու Կենտրոնից գոհունակություն հայտնեց ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Կարեն Մնացականյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Կարբիի և Բերձորի դպրոցների տնօրենները: Բերձորի Վ. Թեքեյանի անվ. միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանը բարձր գնահատեց կենտրոնի դերը կրթադաստիարակչական գործում, տեղեկացրեց, որ իր ղեկավարած կրթօջախը մշտապես է համագործակցում կենտրոնի հետ, նաև ցավ հայտնեց, որ անցած տարվա ապրիլյան պատերազմական իրադարձությունները կասեցրին Բերձորի մասնակցությունը օլիմպիադային:

Ելույթներից հետո օլիմպիադան ավարտվեց: Դպրոցականները վերադարձան տուն՝ հրաժեշտ տալով միմյանց, հավաստելով, որ նորից են հանդիպելու ճամբարներում, նման մրցույթներում, ողջ կյանքում: Վերադարձից առաջ բերձորցիներն այցելեցին Մատենադարան, Արարատի մարզի Զանգակատուն գյուղում հյուրընկալվեցին Պարույր Սևակի տուն-թանգարանում:

Իսկ առաջին օրը՝ մինչ Երևան հասնելը, եղավ այցելություն Նորավանք: Վերադարձին զրուցեցի աշակերտների հետ: Ռուզաննա Հովակիմյանը չէր թաքցնում ուրախությունը, որ դարձավ հաղթող, նաև գոհությունը՝ ողջ ուղևորությունից:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930