«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Երևանի Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վահագն Հովակիմյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակված ձայնագրությունը հիմք է, որպեսզի Արտակ Սարգսյանը հրաժարվի մանդատից:
Խոսքը երեկ երեկոյան լրատվամիջոցներում տարածված ձայնագրության մասին է, որում «ՍԱՍ» ընկերության կոլեկտիվի ժողովն է: Ժողովն արվել է նախընտրական շրջանում: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով առաջադրված Արտակ Սարգսյանի համար, աշխատակիցներին պարտադրում են ձայներ ապահովել: Այլապես, սպառնում են անգամ աշխատանքից ազատել:
Հիշեցնենք, Երևանի Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում Արտակ Սարգսյանից բացի, ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով առաջադրվել էին նաեւ գործարար Ալբերտ Երիցյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, ոստիկանապետի փեսան՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: ՀՀԿ-ականների մրցակիցներն էին «Ելք» դաշինքից Վահագն Հովակիմյանը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից Արամ Մանուկյանը, «Ծառուկյան» դաշինքից Տիգրան Ուրիխանյանը եւ այլք:
«Այդ ապացույցը հիմք է, որպեսզի քրեական գործ հարուցվի, քննվի եւ պարզվեն մեղավորները: Պետք է պարզվի, թե տվյալ դեպքում ովքե՞ր են հանցանք կատարողները եւ, ըստ այդմ, պետք է գնան մինչեւ այն անձն, ում համար դա արվել է: Այսինքն, այն թեկնածուն, ում համար այդ հանցագործությունն արվել է»,- ասաց Վահագն Հովակիմյանը:
Կարդացեք նաև
ՀՀ օրենսդրությամբ, դատարանի ուժի մեջ մտած վճռով դատապարտված անձը զրկվում է մանդատից: «Տվյալ դեպքում շատ ցանկալի է, որպեսզի հենց այդ ճանապարհով գնանք, որպեսզի դա դաս լինի նաեւ բոլորի համար»,- հավելեց մեր զրուցակիցը` նկատելով, որ քաղաքական ուժերի եւ հանրության դերն էլ կայանալու է նրանում, որպեսզի բողոքի եւ դժգոհության այնպիսի ալիք բարձրացնեն, որը հնարավորություն չի տա հարցը ծածկադմփոցով փակելու:
Վահագն Հովակիմյանը հավաստիացնում է`«Ելք» դաշինքը հետամուտ է լինելու հարցի մինչեւ վերջ քննմանը եւ պատասխանատուների պատժմանը:
Պատկան մարմինները`ՀՀ դատախազությունը, Քննչական կոմիտեն դեռեւս չեն արձագանքել: Aravot.am-ին չհաջողվեց ստանալ նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի արձագանքը կատարվածին: Մեր հեռախոսազանգերին անպատասխան թողեց նաեւ թիվ 2 ընտրատարածքում ապրիլի 2-ին կայացած ընտրություններում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից Արթուր Գեւորգյանը: Արտակ Սարգսյանի`մանդատից հրաժարվելու պարագայում, պատգամավորական մանդատը բաժին է հասնելու հենց Արթուր Գեւորգյանին: Արտակ Սարգսյանից հետո առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն հենց նա է:
Իսկ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություններ կանի միայն դրան ամբողջությամբ ծանոթանալուց հետո. այն էլ, եթե դրանց կարիքը լինի: Դեռ չի հասցրել լսել ձայնագրությունը:
Դիտարկմանը, որ նախընտրական շրջանում ինքն էլ համանման իրավիճակների մեջ հայտնվեց`լրատվամիջոցներում ձայնագրություն տարածվեց, որ իր կինը մարդկանց էր գրանցում եւ վերագրանցում, ցուցակագրում, որպեսզի ամսի 2-ին իրեն ձայն տան, տրամաբանական է, որ ձայնագրությանը ծանոթանալուց հետո էլ կուսակցական ընկերոջը, այսպես ասած, չի «քցի», Արման Սահակյանը հակադարձեց. «Ինչո՞վ պիտի քցեմ կամ չքցեմ իմ կուսակից ընկերոջը: Բայց եթե մարդու աշխատակիցն իր ղեկավարի համար, որոշակի առումով աշխատանք է տարել, թիմային աշխատանք է տարել, ի՞նչ խնդիր կա էդտեղ: Իհարկե, նորմալ եմ համարում, եթե մարդը մարդու հետ աշխատում է, իր թիմակիցն է, եթե ինչ-որ մի գործողություն իրականացրել է նախընտրական փուլում, ես էդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ