Քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի հավանողների և հետևողների ցուցանիշը 2013-ի նախագահական ընտրությունների համեմատ գրեթե չի փոխվել՝ մոտ 33.000 հավանում: Ավելին, 10-ով նրա հավանողների թիվը պակասել է ընտրարշավի ավարտին: Փոխարենը՝ 11.000-ով աճել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջի հանավողների և հետևողների թիվը, ռեկորդային է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանողների և հետևողների թվի աճը՝ 13.000-ով:
«Մեդիա կենտրոնում» «2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանի օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան հարթակներում. ընտրարշավ եւ քվեարկության օր» թեմայով քննարկմանը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են ֆեյսբուքյան հարթակն ու դիտարկել յոթ օնլայն մեդիաներ (Aravot.am, news. am, tert.am, 168.am, armlur.am, 1in.am, lragir.am), որոնք ունեն բարձր հաճախելիություն և չեն հայտարարել իրենց քաղաքական համակրության մասին:
Լաուրա Բաղդասարյանը մանրամասնեց. «Օնլայն մեդիայում ՀՀԿ-ի ներկայացուցիչների խոսքը հիմնականում համաչափ է ներկայացվել՝ բացառությամբ lragir.am-ի: «Ելքը» ավելի շատ արտահայտվելու հնարավորություն է ստացել 1in.am, Aravot.am, news.am-ում, ՕՐՕ դաշինքը գրեթե համաչափ է ուշադրության ենթարկվել, «Ծառուկյան» դաշինքը՝ ևս: Ավանդաբար Lragir.am-ն է ավելի քիչ անդրադարձել բոլոր ուժերին, քանի որ շեշտը դնում է վերլուծական նյութերի վրա: Կոնգրես- ՀԺԿ-ն բոլորից շատ Aravot.am-ում է ներկայացվել, «Ազատ դեմոկրատների», ՀՅԴ-ի, ՀՎԿ-ի, Կոմկուսի լուսաբանումն անհամաչափ է եղել»:
Յուրաքանչյուր ընտրական բովանդակության միջին արձագանքների առումով բոլորից բարձր արձագանքներ են ստացել Lragir.am-ի նյութերը՝ ամեն մի ընտրական նյութ միջինը օրական ստացել է 728 հավանություն, կիսման, միջին չափանիշներով ամենից քիչ արձագանքներ է ունեցել 168.am-ի յուրաքանչյուր նյութ. «Ընտրական թեմայով յուրաքանչյուր նյութի միջին կարդացվածության աստիճանով lragir.am-ի ցուցանիշները գերազանցում են բոլորին, 2-րդը armlur.am-ն է, 3-րդը՝ Aravot.am-ը: News.am-ն ու tert.am-ը չեն ցուցադրում իրենց դիտումները»:
Կարդացեք նաև
Դառնալով քարոզչության առանձնահատկություններին՝ տիկին Բաղդասարյանը նշեց. «Այս քարոզարշավի առանձնահատկությունն այն է, որ հակաքարոզչության և քարոզչության գործառույթներն իրականացնում էին հենց իրենք՝ մրցակից ուժերը, այլ ոչ թե փորձագետները, մեդիաներ, ՀԿ-ների ներկայացուցիչները, դիտորդները և այլն: Առաջին անգամ ընտրական գործընթացների պատմության մեջ օնլայն մեդիայում հայտնվեց վճարովի գովազդը, որից օգտվում էին հիմնականում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Սոցցանցային քարոզչության առանձնահատկություններից էր նաև այն, որ ֆեյսբուքում քարոզչությունն ընթանում էր թիմային բնույթով: Այսինքն, եթե տեղի էին ունենում բանավեճեր, ապա դրանք տեղի էին ունենում ոչ թե անմիջական շփումների, օրինակ, մեկը մյուսի էջն այցելելու միջոցով, այլ հեռակա կոչերի, դիմումների միջոցով: Ֆեյսբուքում և օնլայն մեդիայում մեծ է եղել վիզուալիզացման աստիճանը, ինչը հանգեցրել է մեծ թվով լսարանների արձագանքի»:
Այս ընտրարշավի՝ ֆեյսբուքյան հարթակում ընթացող պայքարի առանձնահատկություններից էր նաև այն, որ ընտրությունների ժամանակ առաջին անգամ երգի տեսահոլովակների միջոցով մրցույթ էր տեղի ունենում, օրինակ՝ ՀՀԿ-ի տեսահոլովակին հաջորդեց «Ազատ դեմոկրատների» ռեփ երգը, շրջանառվեց Կոնգրես- ՀԺԿ-ի խաղաղության օրհներգը, խաղաղության TV-ն և այլն:
Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ մեծ էր նաև ֆոտոնյութերի միջոցով վիզուալիզացման աստիճանը, երբ ֆեյսբուքյան երիտասարդությունը կարող էր ծանոթանալ նախկին պաշտոնյաների անցյալի մասին, օրինակ, Հրանտ Բագրատյանի, Արթուր Բաղդասարյանի էջում տեղ գտած լուսանկարները նրանց նախկին պաշտոնավարման մասին:
Դառնալով ՀՀԿ-ի շուրջ ծավալված՝ դպրոցների տնօրենների ձայնագրությունների, ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակի) անձի վերաբերյալ սկանդալներին՝ տիկին Բաղդասարյանն ասաց. «Սկանդալները պարզապես առաջ են բերում տարբեր քաղաքական ուժերի վրդովմունքը, բայց ոչ գործուն քայլերը: Ստացվում է, որ ընտրակաշառքի, ընտրախախտումների մասին խոսակցություններն ամբողջ գործընթացի ժամանակ ավելի շատ են եղել, քան կոնկրետ մատնանշումները: Խոսվել է ուղղորդումների, ուղեկցումների մասին, բայց կոնկրետ անուններ չեն հայտնվել օնլայն մեդիայում և ֆեյսբուքյան էջերում, նաև այն էջերում, որոնց բովանդակությունը տնօրինում են քաղաքական ուժերը»:
Լաուրա Բաղդասարյանը, վկայակոչելով իրենց ստացած արդյունքները, նշեց. «Քվեարկության օրը զարմանալիորեն լուռ է եղել Ֆեյսբուքում: Երեք ուժեր ընդհանրապես ոչինչ չեն գրել Ֆեյսբուքում այդ օրը, իսկ մնացածը ուղղակի ներկայացրել են մի քանի գրառումներ, կամ տեսանյութեր, թե ինչպես են իրենց ցուցակների առաջին համարները գնում քվեարկության, կամ ներկայացրել կասկածներ այն մասին, որ այս կամ այն ընտրատեղամասում տեղի են ունենում ուղղորդումներ»:
Ամփոփելով՝ տիկին Բաղդասարյանը նշեց, որ ի տարբերություն 2013-ի նախագահական ընտրությունների՝ Ֆեյսբուքում չկային տարածված մեմեր, քիչ էին հանդիպում ծաղրանկարներ, միայն մեկ հակաքարոզչական ֆունկցիայով կայք էր բացվել՝ «Դեմ եմ հանրապետականին», որի դիտողականությունը մեծ թվի էր հասել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի