Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, պատասխանելով բոլոր այն տնտեսագետների մտահոգություններին, թե պետական պարտքը վտանգավոր սահմանագծին է մոտեցել, վստահեցրեց, որ պետական պարտքը կառավարելի է եւ եթե տնտեսական աճն այսպես շարունակվի, ապա պարտքը սպասարկելու որեւէ խնդիր Հայաստանը չի ունենա:
«Հայացք» ակումբում պարոն Մարգարյանը հայտարարեց, որ ապրիլի 25-ից ներքին պարտքի տեղաբաշխման հարթակը Կենտրոնական բանկից տեղափոխում են «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ» բորսայի հարթակ:
Մինչ օրս ներքին պարտքի հետ կապված բոլոր խնդիրները ֆիննախը լուծել է Կենտրոնական բանկի հետ, որն իրականացրել է պարտքի թողարկման, բաշխման, մարման հետ կապված բոլոր հարցերը:
Պարոն Մարգարյանն ասաց, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում առանց հանգստանալու, արտակարգ ռեժիմի մեջ են եւ ապրիլի 25-ից սկսած աճուրդները կտեղափոխվեն «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ»-ի հարթակ, որտեղ ավելի լայն հնարավորություններ կտրվի ֆիննախի մտահղացումները իրականացնելու եւ նաեւ շուկայի մասնակիցների գործը հեշտացնելու համար: Այս հարթակում մեր երկիրը նաեւ հասանելի, տեսանելի ու հասկանալի է դառնում բոլոր արտաքին շուկաների համար: Արշալույս Մարգարյանի մեկնաբանմամբ՝ ոչ մի տեղ չգնալով, նստած տեղից մարդը կարող է նշյալ բորսայից ձեռք բերել պետական պարտատոմսեր:
Aravot.am-ի հարցին, թե նոր հարթակում գտնվելն ի՞նչ կտա պետական պարտքի մարման մասով, արդյո՞ք ավելի հեշտ կլինի պարտքը սպասարկելը, պարոն Մարգարյանը պատասխանեց, որ սրանով ավելի մրցակցային ենք դարձնում աճուրդը. «Վերջին մեկ տարվա ընթացքում պարտքի սպասարկման ծախսերը 3,5 տոկոսով իջել է, դա առանց ՆԱՍԴԱՔ գնալու, այնտեղ գնալուց հետո մենք հնարավորություն ենք ունենալու ներդրողների ցանկը մեծացնելու, քանի որ բոլորը կարող են մասնակցել մեր տեղաբաշխումներին եւ երկրորդ` Հայաստանում որոշակի տնտեսական աշխուժություն է նկատվում այսօր եւ այդ աշխուժությունը նաեւ նշանակում է կապիտալի ներհոսք երկիր»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե այդ տրամադրված գումարների ծախսման արդյունավետությունն ինչպիսի՞ն է, պարոն Մարգարյանն ասաց, որ ինքը պատասխանատու է պետական պարտքի կառավարման ռազմավարության համար:
Արշալույս Մարգարյանը, պատասխանելով պետական պարտքի կառավարման ռիսկերի վերաբերյալ հարցերին, ասաց, որ Հայաստանը դասվում է միջին պարտք ունեցող երկրների շարքին եւ քանի որ պարտաճանաչ մարում է այդ պարտքը, համարվում է ամենապարտաճանաչը, այդ պատճառով էլ բոլոր միջազգային կառույցները առանց խնդիրների պարտք են տալիս:
2016 թվականի դրությամբ Հայաստանի պետական պարտքը` արտաքին եւ ներքին միասին վերցրած, կազմել ՀՆԱ-ի 52,3 տոկոսը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ